Իսրայելի կողմից արդեն 4 օր հրթիռակոծման ենթարկվող Գազայի հատվածում խուճապ է տիրում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:
«ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգման վարչությունը Գազայում ստեղծված վիճակն անկայուն է բնութագրում: Գազայի բնակչության շրջանում խուճապ է տիրում, մարդիկ գնում են մթերքն ու վառելիքը, դեղամիջոցների պաշարը վերջանալու վրա է: Բոլոր դպրոցները փակ են, փակ են մարդասիրական օգնություն հասցնելու բոլոր ուղիները: Հարավային Իսրայելում փակ են Գազայի հետ սահմանից մինչև 40 կմ հեռավորությամբ բոլոր դպրոցները, տեղաշարժը սահմանափակված է»,- նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսրիկեի՝ լրագրողներին ուղղված հաղորդագրության մեջ:
Նրա տեղեկությունների համաձայն՝ պաղեստինյան անկլավում բոլոր բժշկական հաստատությունները արտակարգ պայմաններում են աշխատում:
«Չնայած այն բանին, որ հիվանդանոցները մինչ օրս կարողանում են ընդունել բոլոր վիրավորներին, հիմնական դեղամիջոցների անբավարարությունը մտահոգություն է հարուցում, մասնավորապես, եթե հակամարտությունը շարունակվի»,- ընդգծել է նա:
Նեսրիկեն կրկնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքերը, որը կոչ էր արել Իսրայելին ու պաղեստինցիներին «հետևել միջազգային հումանիտար իրավունքով սահմանված իրենց պարտականություններին և ազատել խաղաղ բնակիչներին հակամարտության հետևանքներից»:
Հիշեցնենք, Իսրայելը լայնածավալ ռազմական գորղողություններ է անցկացնում Գազայի հատվածում: Հրեական պետությունն այս ընթացքում ավելի քան 600 հարված է հասցրել Գազայի հատվածին:











































