ԱՄՆ-ում Բոսնիայից արտագաղթած Ադիս Մեդունյանինը դատապարտվել է ցմահ և լրացուցիչ 95 տարվա բանտարկության Նյու Յորքի մետրոյում ահաբեկչություններ պատրաստելու համար: 34-ամյա Մեդունյանինի դատավճիռը կայացվել է նոյեմբերի 16-ին, հայտնում է Associated Press-ը:
Նյու Յորքի մետրոյում ահաբեկչությունների կանխման մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին 2009-ի սեպտեմբերին: Հետաքննության վարկածով` ահաբեկիչները պատրաստվում էին մի շարք պայթյուններ իրականացնել 2001-ի սեպտեմբերի 11-ահաբեկչությունների տարելիցի օրը:
Ըստ հետաքննության` Մեդունյանինը 2008-ին Պակիստան այցի ժամանակ ընդգրկվել է «Ալ-Քաիդայի» մեջ, այնտեղ հանդիպել է խմբավորման ղեկավարների հետ և նրանցից ահաբեկչություն իրականացնելու հրահանգ ստացել:
Մեդունյանինը մեղավոր է ճանաչվել սպանության նպատակով դավադրություն կազմակերպելու, զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու և օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար:
Մեդունյանինից բացի, Նյու Յորքի մետրոյում ահաբեկչություններ պատրաստելու համար մեղադրվել են Աֆղանստանից արտագաղթած Զարեին Ահմեդզաին և պակիստանցի Նաջիբուլլա Զազին: Հետաքննության վարկածով` Զազին պատասխանատու է եղել, մասնավորապես, ռումբերի պատրաստման համար: Ահմեդզաին և Զազին ավելի վաղ խոստովանել էին իրենց մեղքը, սակայն նրանց դատավճիռներն առայժմ չեն կայացվել:








































