Կալիֆոռնիայում հայտնաբերել են զարմանալի էակը, որը Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր հայտնի կենդանի էակներից ամենաշատ «ոտքերն» ունի: Այն մարդու ճկույթից փոքր է` ունի ընդամենը 3 սմ երկարություն, սակայն դրա հետ մեկտեղ` 750 թաթիկ:
Առաջին անգամ Illacme plenipes-ը հայտնաբերվել է 1928-ին և գնահատվել որպես «ռեկորդային թվով ոտքեր ունեցող» էակ: Սակայն գիտնականները ենթադրում էին, որ մինչև 20-րդ դարի վերջը այդ տեսակն անհետացել է:
Արիզոնայի համալսարանի հետազոտող Փոլ Մարկը նորից նրան հայտնաբերել է Սիլիկոնային հովտում: ZooKeys ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում գիտնականներն առաջին անգամ գիտականորեն բնութագրում են Illacme plenipes-ը:
Նշվում է, որ էգերն ունեն 750 ոտք, արուները` 550: Մյուս բազմոտանիներն ունեն 80 և 100 ոտք: Հետազոտողները նշում են, որ Illacme plenipes-ն ապրում է հողի մեջ շատ խորը, ուստի նրանց ոտքերը հարմարվել են այդպիսի պայմաններին. նրանք ունեն հատուկ «ճանկիկներ», որոնք, ամենայն հավանականությամբ, նրանց օգնում են կառչել, գրում է Infuture.ru-ն:
Հետաքրքիր են նաև այս կենդանու ատամնավոր և կիսաթափանցիկ կմախքը, հատուկ մորթի ձևավորող մազիկները: Կենդանու բերանում «հատուկ գործիքներ» կան բույսերի հյուսվածքները ծակելու և դրա պարունակությունը ծծելու համար:







































