Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ`Թուրքիան մտադիր է հետագայում նույնպես զարգացնել էներգետիկ ոլորտում համագործակցությունը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով երեկ տվյալ հարցը քննարկել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:
Էրդողանը հայտարարել է, որ այդ համագործակցությունը որևէ անհարմարություն «չի պատճառի» Իրաքի կենտրոնական կառավարությանը. «Թուրքիան ու քրդական ինքնավարությունը համագործակցելու են նավթի ու նավթամթերքի փոխանակման ոլորտում: Ինքնավարությունը Թուրքիային կհատկացնի նավթ, իսկ Թուրքիան իր հերթին նավթամթերք կարտահանի Քրդական ինքնավարության տարածք:
Քրդական ինքնավարության այնպիսի խոշոր նահանգներում, ինչպիսին Սուլեյմանիան է, զգացվում է էներգառեսուրսների ու նավթամթերքի սուր կարիք: Մեր համագործակցությունը ինքնավարությանը կօգնի որոշակիորեն լուծել այդ խնդիրը»:
Հիշեցնենք, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել թուրքական այն ընկերությունների նկատմամբ, որոնք, առանց իրեն իրազեկելու, նավթագազային պայմանագրեր կկնքեն Քրդական ինքնավարության հետ: Թուրքական TPAO նավթագազային ընկերությունն արդեն իսկ զրկվել է Իրաքի հարավում նավթի հետազոտման շուրջ աշխատանքներ իրականացնելու արտոնագրից:











































