Գերմանական Süddeutsche Zeitung թերթի փոխանցմամբ` գերմանացի զինծառայողները հնարավոր է շուտով մասնակցեն Թուրքիայում ՆԱՏՕ-ի առաքելությանը: Անկարան մտադիր է հաջորդ շաբաթ պաշտոնապես դիմել ՆԱՏՕ-ի ղեկավարությանը` Սիրիայի հետ սահմանի մոտ Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու խնդրանքով:
Գերմանական պարբերականի տվյալներով` ՆԱՏՕ-ի հրամանատարությունն արդեն իսկ ակնարկել է, որ դրական է արձագանքելու այդ խնդրանքին: Գերմանիան ՆԱՏՕ-ի օպերացիայի շրջանակներում մտադիր է Թուրքիա գործուղել մեկ կամ երկու ստորաբաժանում` հրթիռային սարքի սպասարկող անձնակազմ:
Գերմանական կոնտինգենտի քանակը կազմելու է մինչև 170 զինծառայող: Գերմանիայի դաշնային կառավարությունը ներկայումս ուսումնասիրում է այն հարցը, թե արդյոք տվյալ դեպքում անհրաժե՞շտ է Բունդեսթագի մանդատը:





































