Նոյեմբերի 19-ին Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակը: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Ներկայացուցիչը նշել է, որ քննարկման ավարտին ակնկալվում է ընդունել հայտարարություն:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ անընդունելի է պաղեստինցի գրոհայինների կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: Դրա հետ մեկտեղ, նա Իսրայելին կոչ էր արել ադեկվատ պատասխան տալ: Էշթոնը Գազայում տիրող իրավիճակը քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Եգիպտոսի նախագահի կաբինետի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելի օդուժը լայնածավալ ռազմական գործողություններ է ծավալել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ: Վերջին տվյալներով` այս ընթացքում զոհվել է շուրջ 30 պաղեստինցի, այդ թվում երեխաներ: Վիրավորների թիվը հասնում է 300-ի:











































