Վրաստանի պառլամենտի քննարկմանն է ներկայացվել Ազգային անվտանգության նոր հայեցակարգը: Առաջին նման փաստաթուղթը պառլամենտ էր ներկայացվել 2005թ., սակայն 2008թ. դեպքերը վրացիներին ստիպեցին վերանայել այն:
Грузия Online տեղեկատվական վերլուծական պորտալի հաղորդմամբ, փաստաթուղթը սկսվում է ազգային գլխավոր արժեքների թվարկումով, որոնց շարքում նշվում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ազատությունը, դեմոկրատիան, օրենքի գերիշխանությունը, անվտանգությունըև խաղաղությունը:
Համաձայն այս նոր փաստաթղթի` առաջին և գլխավոր վտանգը Ռուսաստանի Ֆեդերացիայի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան է, երկրորդ վտանգը` նոր ռազմական ագրեսիան:
ԱՄՆ-ը Վրաստանի գլխավոր գործընկերն է, որի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրված:
Փաստաթղթի համաձայն` Վրաստանի անվտանգությունը սերտորեն կապված է տարածաշրջանի իրավիճակի հետ: Ըստ այդմ` հաշվի են առնվում միջոցառումներ, այդ թվում և դիվանագիտական քայլեր, որպեսզի խուսափեն Հյուսիսային Կովկասի և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտների հետ կապված վտանգների Վրաստան տարածվելուց:
Վրաստանը, այս փաստաթղթի համաձայն, ձգտելու է մաքսիմալ կերպով օգտագործել Ուկրաինայի հետ «ռազմավարական համագործակցության հնարավորությունները»: