Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի քանդակագործ Արա Սարգսյանին:
«Արա Սարգսյան-110. արվեստի հերոսը» խորագրով միջոցառումը կանցկացվի Հատուկ հանդիսությունների սրահում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:
Արա Սարգսյանի գեղարվեստական ժառանգությունը կներկայացնի բանախոս, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանը, ապա կցուցադրվի քանդակագործի մասին պատմող տեսանյութ, կներկայացվի քանդակագործի բանաստեղծական ժառանգությունը:
Միջոցառման սկիզբը ժ. 19.00-ին է: Մուտքն անվճար է՝ ըստ նախնական գրանցման և հրավիրատոմսերի:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը «Գաֆէսճեանն» իրականացնում է 2010 թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին: