Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին ստիպված է եղել մի քանի համերգներ չեղյալ հայտարարել ԱՄՆ-ում՝ հիվանդության պատճառով:
Նա ափսոսանքով հայտնել է, որ կկարողանա հանդիպել երկրպագուների հետ մի քանի շաբաթից: «Ես ինձ հիանալի եմ զգում, սակայն բժիշկները խորհուրդ են տվել դեռ էլի որոշ ժամանակ հանգստանալ»,- ասվում է երուշաբթի երաժշտի տարածած հայտարարության մեջ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Չեղյալ են հայտարարվում հունիսի 14-26-ը ծրագրված համերգները Դալլասում, Նոր Օռլեանում, Ատլանտայում, Ջեքսոնվիլում, Նեշվիլում և Լուիսվիլում: Կազմակերպիչների խոսքով՝ ելույթները կտեղափոխվեն հոկտեմբեր:
Սպասվում է, որ հուլիսի 5-ին Մաքքարթնին կկարողանա բեմ դուրս գալ, ըստ ծրագրված գրաֆիկի, Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում, այնուհետև Փիթսբուրգում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և ԱՄՆ մի քանի այլ քաղաքներում:
Մայիսին 71-ամյա երաժշտի մոտ Ճապոնիայում հյուրախաղերի ժամանակ վիրուսային հիվանդություն էր նկատվել, որի պատճառով նա ստիպված եղավ որոշ ժամանակ հիվանդանոցում անցկացնել և այդ երկրում չեղյալ հայտարարել բոլոր 4 համերգները, ինչպես նաև միակ ելույթը Սեուլում:
Out There համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում, որը սկսվել է 2013-ի մայիսին՝ Բրազիլիայում, Մաքքարթնին կտա ընդհանուր առմամբ մոտ 60 համերգ:








































