Երկուշաբթի օրը Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև բանակցությունների 5-րդ փուլի ընթացքում ոչ մի որոշում չի ընդունվել: Այս մասին երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը հայտնել է էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը՝ գրում է ITAR-TASS-ը:
Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն այսօր՝ հունիսի 10-ին: Էթինգերի խոսքերով՝ Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն պայմանավորվել են «չձեռնարկել սխալ գործողություններ»:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ բանակցությունների 5-րդ փուլի ընթացքում առաջին անգամ քննարկվել են գազի գները և հունիս-օգոստոս ամիսներին մատակարարումների համար վճարման գրաֆիկը: Նովակի խոսքով՝ «Գազպրոմը» շարունակում է պնդել, որ մինչև հունիսի 10-ը Ուկրաինան պետք է վճարի 1.454 մլրդ դոլար՝ 2013-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների մատակարարումների համար, իսկ ապրիլ-մայիսին ստացած վառելանյութի համար՝ 500 մլն դոլար:
Իր հերթին, Ռադայի կողմից նշանակված՝ Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարի պաշտոնակատար Յուրի Պրոդանը նշել է, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է Ուկրաինայի համար կատարել զեղչեր՝ գազի գինն իջեցնել մինչև 385 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար:









































