ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա կողակից Հիլարի Քլինթոնը Սպիտակ տանը ութ տարի գտնվելու ժամանակաշրջանում ոչ միայն չեն կարողացել տնտեսել, այլև պետության ղեկավարի նստավայրից հեռացել են պարտքերի տակ կքած, երկուշաբթի հաղորդում է ABC հեռուստաալիքը։
«Մենք Սպիտակ տունը թողեցինք ոչ միայն առանց փողերի, այլև պարտքերով։ Իսկ երբ մենք այնտեղ հայտնվեցինք, դարձյալ փող չունեինք, և մենք պայքարում էինք ամեն մի փշուրի համար, որպեսզի վճարենք տան վարկերը և Չելսիի (Քլինթոն զույգի դուստրը) կրթության համար։ Գիտե՞ք, դա հեշտ բան չէ»,- հայտարարել է Հիլարի Քլինթոնը հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Դեմոկրատական կուսակցությունից նախագահ Բիլ Քլինթոնն այդ պաշտոնը զբաղեցրել է 1993-2001 թվականներին։
Նախկին պետքարտուղարը պատմել է իր ընտանիքի ֆինանսական դժվարությունների մասին՝ ի պատասխան հեռուստահաղորդավար Դիանա Սոուերի՝ այն միլիոն դոլարների մասին հարցի, որոնք ամուսինները վաստակում են որպես հոնորար, հրապարակային ելույթների համար։ ԶԼՄ-ների տվյալներով, Հիլարի Քլինթոնի միջին պարգևավճարը նման միջոցառման համար կազմում է 200 հազար դոլար։ Միաժամանակ, նա նշել է, որ բազմիցս ելույթ է ունեցել անվճար։
Հիլարի Քլինթոնը համարվում է 2016թ. ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածուներից։ Մայիսի կեսերին Ipsos սոցիոլոգիական ընկերությունը հայտնել է, որ հարցված ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը համարում է, որ 66-ամյա Քլինթոնը այդ նախագահական ընտրությունների հավանական հաղթողն է։
Հեռուստաալիքի հետ հարցազրույցում նա հայտարարել է, թե նախագահական ընտրապայքարին իր մասնակցության հարցում կկողմնորոշվի 2014-ի ավարտից ոչ շուտ։










































