Փարիզում «սիրո կողպեքների» ծանրության տակ մասամբ փլուզվել է Արվեստների կամուրջը, հաղորդում է France-Presse գործակալությունը:
Դեպքի հետևանքով տուժածներ չկան, այնուամենայնիվ իշխանությունները փակել են կամուրջը և տարհանել այնտեղ զբոսնողներին: Դեպքի վայր են ժամանել իրավապահներ և հնագիտական գերատեսչության ներկայացուցիչներ: Ակնկալվում է, որ կամուրջը կբացեն օրվա ընթացքում:
Կամրջի փլուզումը դարձյալ բարձրացրել է կողպեքներ ամրացնելու հնարավոր արգելքի անհրաժեշտությունը: Ավելի վաղ զբոսաշրջիկները փորձել էին այդ հարցի վրա ուշադրություն հրավիրել՝ նշելով, որ կողպեքները սպառնում են զբոսնողների անվտանգությանը: Թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել Փարիզի իշխանությունները, չի հաղորդվում:
Կամրջի վրա կողպեքներ ամրացնելու ավանդույթը առաջացել է 2000-ականներին: Ընդունված է, որ սիրահար զույգերը կողպեքների վրա իրենց անուններն են գրում, դրանք ամրացնում կամրջին և բանալիները նետում ջուրը:
Արվեստների կամուրջը կառուցվել է Նապոլեոնի օրոք: Սենայի վրայով անցնող կամուրջը իրար է միացնում Ֆրանսիայի ինստիտուտը և Լուվրը: Այս պահին 155 մետրանոց կամուրջը բացառապես հետիոտների համար է:








































