«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ քառյակը դարձել է սահմանափակ համագործակցության դաշտ, որտեղ միակ ոչ իշխանական ուժը մնացել է «Ժառանգություն»-ը: Պատգամավորը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ իրենց ուժն առաջարկում էր խորհրդարանակն մակարդակից չորս ուժերի համագործակցությունը բարձրացնել կուսակցականի, սակայն այդպես չեղավ:
«Առաջին լրատվական»-ը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք խորհրդարանական մակարդակով քառյակը կենսունակ է: «Նայած՝ դուք ի՞նչ նպատակ եք դրել: Կենսունակ՝ 25 տարվա համա՞ր. ես էդքան երկար չեմ մտածում, այսօր կա խնդիր, եթե այդ խնդրում միասին աշխատելով կարողանում ենք այն լուծել, ուրեմն քառյակը կենսունակ է, եթե չի ստացվում որևէ հարցի շուրջ համաձայնության գալ, ուրեմն այդ հարցի դեպքում կենսունակ չէ»,- ասաց նա:
Պողոսյանի խոսքով՝ հնարավոր է որևէ հարցի շուրջ երկու կուսակցություն կամ խմբակցություն աշխատեն, քառյակ լինելը չի նշանակում, որ պետք է սրանից հետո ամեն ինչ չորսով անեն: «Քառյակն ամուսնություն չի, համագործակցության դաշտ է, որտեղ հասկանում ենք, որ կա իշխող կուսակցություն՝ ունենալով մեծամասնություն, և մենքէ ամեն մեկս՝ ավելի փոքր լինելով, հայտնի այն ասացվածքի պես, երբ հատիկները առանձին-առանձին կոտրես, հեշտ է կոտրվում»,- ասաց նա:
Պողոսյանի խոսքով՝ հարցեր են եղել, երբ նույն ՕԵԿ-ն իրենց նման է քվեարկել՝ չասելով, որ քառյակ է: Պատգամավորը կոչ է անում քառյակից չսպասել բաներ, որոնց մասին նա չի հայտարարել. քառյակը չի ասել, որ պետք է միաձուլվեն, դառնան մեկ կուսակցություն:
Հարցին՝ նույն իրենց խմբակցության ներսում եղած տարակարծությունները կարո՞ղ են պատճառ դառնալ «Ժառանգության»՝ քառյակի կազմից դուրս գալու, Պողոսյանը պատասպանեց, որ «Ժառանգություն»-ը հզոր է իր տարակարծությունների հավաքածուով: «Միասնական մի գաղափարը եղել է Սովետական միությունը, որտեղ մի կարծիք է եղել: Այսօր էլ մենք ունենք կուսակցություններ, որ մի կարծիք են, որևէ տարաձայնություն չզգացի, նա իր պատկերացումն էր ասում, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա՝ կրկնելով՝ իրենց հզորությունը հենց նրանում է, որ կարողանում են տարբեր կարծիքներ ասել:









































