«Արդեն այդ տարածված ձևակերպումը՝ ոչ իշխանական ուժեր, ենթադրում է, որ դժբախտություն է: Հասարակությունը ընդդիմադիր ուժ չունի, որևէ լուրջ ընդդիմադիր ուժ չէր հանդուրժի, որ իրեն ասեին ոչ իշխանական․ սա բառախաղ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ այդ ուժերը պայքարում են գալ իշխանության և օգտվել այդ իշխանության ընձեռած հնարավորություններից, ինչը պետք է դատապարտելի և ոչ ողջունելի լիներ:
Դիտարկմանը, թե շատերի համար խոստումնալից է եղել ԲՀԿ առաջնորդի ելույթը կուսակցության 7-րդ համագումարում, և ինքն էլ անձամբ գնացել է Ծառուկյանի հետ հանդիպման, Վիգեն Խաչատրյանն ասաց․ «Ես հանդիսանում եմ ՄԱԿ-ի քաղաքական խորհրդատուն արդեն տասնյակ տարիներ և ես էլ ուզում եմ հավատալ, որ մարդիկ, որոնք այս կամ այն չափով իրենց նյութական խնդիրները լուծել են, կմտահոգվեն այլ խնդիրներով և մի կողմ կդնեն սեփական նախասիրությունները: Նման ցանկություններ հայտնվում է ԲՀԿ ղեկավարի կողմից։ Թե որքանով դա խոսքից գործի կվերածվի՝ մենք այդ հնարավորությունը ունենք տեսնելու: Ասաց՝ սպասենք տեսնենք կառավարությունն ի՞նչ է անելու. մենք շատ ենք սպասել՝ 20 և ավելի տարիներ, կարող ենք երկու ամիս էլ սպասենք: Բայց այն, որ այս կառավարությունը չի արդարացնելու հույսերը, ակնհայտ է: Ես հակված չեմ հավատալու, որ ԲՀԿ-ն ռադիկալ քայլեր կանի, չեմ հավատում, որ նրանք ունակ են»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ կարծիք ունի Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի և այն մասին, թե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ճղճիմ քայլ է, մեսիջ ԲՀԿ առաջնորդին․ «Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց չեմ կարծում, թե նա պետք է «Բարգավաճ Հայաստան»-ի դատապաշտպանի դերը ստանձնի, վերջապես կոռեկտ չէ իր կողմից: Ես չեմ կարծում, թե դա պետք է անի Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Մանրամասները՝ մեր տեսանյութում









































