Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարություններից հետո նման խայտառակ շրջադարձը, այսպես ասած, փաստարկելիս Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև նրանց կից, մերձ, ինչպես նաև նրանց զուգահեռ գործող մաքսահպատակները, նաև որոնց ջանքերով տեղ հասան Հայաստանի հանդեպ Ռուսաստանի շանտաժներն ու սպառնալիքները, միաբերան պնդում էին, որ Հայաստանի անվտանգությունից դրդված և բխած որոշումներ են կայացվել, և մեր անվտանգությունն ավելի բարձր մակարդակի վրա է:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և ասել, որ քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի ռազմատենչությունն ու սահմաններում լարվածությունը նվազեցնելու համար, այլապես Ադրբեջանի համար ծանր հետևանքներ կլինեն: Սեյրան Օհանյանն այդ հորդորը հղել է Նախիջևանի սահմանային զորամասերից մեկում երկու հայ զինծառայողի սպանությունից հետո, որ տեղի էր ունեցել դիպուկահարների կրակոցներով:
Չնայած Մաքսային միությանն անդամակցելու դրդապատճառների մասին «փաստարկներին», սահմաններում Հայաստանի զինուժի ծառայողների անվտանգությունը ոչ թե ավելացել է, այլ պակասել, այն պարզ տրամաբանությամբ, որ մեր զինծառայողները ավելի ու ավելի հաճախ են թիրախ դառնում ադրբեջանցիների համար: Անվտանգության աճի մասին պնդումները հուշում են, որ պետք է որ սահմանային լարվածությունը նվազեր, սահմանային միջադեպերը նվազած լինեին, պետք է որ Ադրբեջանը ավելի զգաստացած լիներ՝ տեսնելով Հայաստանի անվտանգության աճը: Համենայն դեպս, մեղմ ասած, դժվար է առողջ բանականության մեջ տեղավորել այն, որ Հայաստանի անվտանգությունից դրդված՝ որոշում է կայացվել, անվտանգությունն աճել է, և որպես արդյունք՝ ավելանում են սահմանային միջադեպերն ու զոհերը: Սա առնվազն տարօրինակ է, վտանգավորության բարձր աստիճանի տարօրինակություն:
Իրականում, սակայն, ոչ մի տարօրինակ բան չկա: Իրականում կա խաբեություն: Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը անդամակցումը Հայաստանի անվտանգությունը ոչ թե բարձրացրել է, այլ իջեցրել: Դրա մասին է վկայում այն, որ այդ միությունում գրեթե ոչ մի գագաթնաժողով չի անցնում, որն ընթանա առանց Հայաստանի հրապարակային նվաստացման, առանց Հայաստանի շահերի հրապարակային ոտնահարման: Եվ այս ամենը՝ Սերժ Սարգսյանի կամ Հայաստանից այլ մասնակիցների լռության պայմաններում:
Աճող անվտանգության դեպքում լռությունը, մեղմ ասած, անհասկանալի է: Իրականում Հայաստանի հակառակորդները ավելի շատ են սկսել զենք կամ զենքի խոստումներ ստանալ Հայաստանի «դաշնակիցներից»: Ահա այս ամենը ակնհայտորեն վկայում են, որ Հայաստանի անվտանգությունը չի բարձրացել, այլ հակառակը: Եվ սրա մասին է վկայում այն, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին կարգի հրավիրելու համար ոչ թե իրենց, այսպես ասած, դաշնակցային կառույցներին են դիմում, ոչ թե պահանջում են նրանցից կատարել դաշնակցային պարտավորությունները, սաստել Ադրբեջանին, այլ դիմում են միջազգային կառույցներին:
Եվ ի՞նչ են ակնկալում Հայաստանի իշխանություններն այդ կառույցներից, այն կառույցներից, որոնց հրապարակային և բավական արհամարհական ձևով «գցել» են սեպտեմբերի 3-ին:









































