Գորիսում ընթացող քաղաքապետի ընտրություններին բնակիչների մասնակցության ակտիվություն կա՝ նախորդ ընտրության համեմատ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը՝ միաժամանակ նշելով, որ ընտրողների մասնակցության պասիվացում կա: 17 :00 –ի դրությամբ Գորիսի 16 171 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 6818-ը: Ստեփանյանը դժվարացավ նշել՝ մինչև ընտրության ավարտը որ տոկոսը կմասնակցի ընտրությանը, սակայն ենթադրաբար նշեց, որ մասնակիցների թիվը մոտ ութ հազարի կհասնի:
Գորիսում գրանցված միջադեպերի մասին հրապարակումներին անդրադառնալով՝ Ստեփանյանը նշեց, որ եղել են այն տեղամասում, որտեղ նույն ծրարի մեջ մի քանի քվեաթերթ են փորձել դնել: Նման բան իրոք եղել է, այն եղել է օրենքով սահմանված նմուշի ծրար, որի պարունակությունը, համաձայն օրենքի, չի նայվում: Թեկնածուներից Վաչագան Ադունցի մայրը քվեարկելիս հայտնաբերել էր, որ իր անվան դիմաց արդեն ստորագրություն կա: Ստեփանյանի խոսքով՝ այդ խնդիրը լուծվել է. նրա փոխարեն չէին քվեարկել, պարզապես ստորագրության տեղն են շփոթել, արձանագրություն է կազմվել, որից հետո Ադունցի մորը թույլ են տվել լրացուցիչ ցուցակով ընտրել: Կնիքի որակից այս ընտրություններին դժգոհություններ չկան:
Թիվ 1 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հակոբյանը նշեց, որ իրենց տեղամասում ընտրություններն անցնում են խաղաղ, հանգիստ պայմաններումմ սակայն արդեն իսկ բնակիչների հոսքը դանդաղել է՝ քիչ են գալիս, հերթեր չկան: 1560 ընտրողից առայժմ մասնակցել են 700 –ը: Հակոբյանը կանխատեսում է, որ ընտրությունների ավարտին մասնակցած կլինի հիսուն տոկոսը:
Հիշեցնենք, Գորիսում այսօր քաղաքապետ են ընտրում: Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված են Շանի ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Հրայր Յոլյանը և ՀՋԿ ՓԲԸ Գորիսի տեղամասի տնօրեն, ՀՀԿ կողմից առաջադրված Վաչագան Ադունցը:











































