Երկարատև ծանր հիվանդությունից հետո այսօր Ֆրանսիայում մահացել է «Մեծն Տիգրան» աշխարհազորի կազմակերպության ղեկավար Սմբատ Այվազյանը:
Սմբատ Այվազյանը ծնվել է 1959 թ. մարտի 10-ին Երևանում: 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սևանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ և ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի կազմակերպության ղեկավար, 1994-1998 թթ.՝ «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998 թ.՝ ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար:
1990 ընտրվել է ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ: 2002թ. «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէ: 2008թ. համաժողովրդական շարժման անդամ էր: Նույն թվականին ազատազրկվել է և ազատ արձակվել 2009թ. հունիսին:Սմբատ Այվազյանն ամուսնացած էր, երեք զավակների հայր:
«Առաջին լրատվական»-ի ողջ անձնակազմը ցավակցում է Սմբատ Այվազյանի հարազատներին, ընկերներին և զինակիցներին:








































