Այսօր Գերագույն ռադայում կկայանա Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունը: Երդմնակալությանն իրենց մասնակցությունը հաստատել են 56 օտարերկրյա պատվիրակություններ: Այս մասին փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
«Այս պահի դրությամբ հաստատված է 56 օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությունը, որոնցից 23-ը՝ պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով»,- հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ում:
Նշվում է, որ 5 պատվիրակություններ կներկայանան փոխվարչապետների մակարդակով, մյուսները՝ արտգործնախարարների և Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունը կապահովեն ուկրաինական իրավապահ մարմինների 3300 աշխատակիցներ:









































