Նենջիոեն գյուղը, որը գտնվում է Չինաստանի հարավ-արևմուտքում, հայտնի է որպես Անտեսանելի Կրակի Գյուղ: Այնտեղ օդն այնքան է հագեցած մեթանով, որ մեկ թեթև կայծից կրակ է բռնկվում: Գյուղի բնակիչները սովորել են այնպես ապրել, որպեսզի պայթյուն չառաջանա, գրում է mirfactov.com-ն:
Մեթանն օդի մեջ գետնի տակից է լցվում: Գազի խտությունը այնքան մեծ է, որ գյուղում ոչ ոք չի կարող լուցկի, ծխախոտ վառել կամ էլեկտրական սարքավորում օգտագործել: Բնակիչները պետք է զգույշ լինեն, քանի որ մետաղական գործիքները նույպես կարող են կայծ առաջացնել, հատկապես, եթե դրանք բախվում են քարի հետ: Գազը մեկ տարի առաջ է հայտնաբերվել, երբ 83-ամյա Սու Գենը տեղի իշխանություններին բողոքել է իր նկուղից եկող տարօրինակ հոտից:
Պարզվում է, որ մոտակայքում բնական գազի հանքավայր կա, իսկ գազն այդտեղից գյուղ է ներհոսում: Սակայն տեղի բնակիչներն այլ տարբերակ են առաջ քաշում. նրանք ամեն ինչում մեղադրում են չար ոգիներին, հոգևորականներ են հրավիրում, որպեսզի նրանք օգնեն ազատվել կրակից: Բնականաբար, անօգուտ:
Մինչդեռ գյուղաբնակները կարող էին այդ կրակն իրենց օգտին կիրառել և տանը ջեռուցում քաշել: Ընդ որում, այդպիսի մարդիկ արդեն կան:










































