Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Դիանա Շատանովայի գործի դատական քննությունը:
31-ամյա Դիանան մեղավոր է ճանաչվել իր հարևան Կարենին դիտավորությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական ակտի՝ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում Դիանան ու Կարենը բնակվել են դեմ-հանդիման գտնվող շենքերում:
Կարեն Այվազյանը 2006 թվականի փետրվարի 22-ից 2-րդ խմբի հաշմանդամ է: Ավտովթարի հետևանքով նա ստացել է գանգուղեղային ծանր տրավմա, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ: Նրա ձախ ոտքի, ձեռքի շարժումները եղել են սահմանափակ, գլուխը թեքել և ուղիղ պահել չի կարողացել:
Կարենը միայնակ է բնակվել: Նրա մայրը աշխատել է արտերկրում:
Դիանա Շատանովան բնակվել է անչափահաս որդու հետ: Հարևանների բնութագրմամբ՝ նա հաճախակի ալկոհոլ է օգտագործել, աղմկոտ խրախճանքներ կազմակերպել իր բնակարանում և հայհոյախոսել:
2013 թվականի օգոստոսի 7-ին Դիանան իր որդու ծննդյան օրվա կապակցությամբ խնջույք է կազմակերպել Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում:
Խնջույքի ժամանակ ալկոհոլ է օգտագործել:
Ժամը 18-ին խնջույքին մասնակից տղամարդիկ գնացել են իրենց տները, իսկ Դիանան որդու և ընկերուհու հետ վերադարձել է իր բնակարան, որտեղ շարունակել է քեֆը ու նորից ալկոհոլ է օգտագործել:
Ըստ դատական ակտի՝ ժամը 22-ն անց 31 րոպեին «Վնաս» մականունով Կարեն Այվազյանը, ով քրեական գործի նյութերի համաձայն՝ այդ երեկո նույնպես եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, իր պատուհանից նայելով Դիանայի բնակարանում տիրող իրավիճակին, զանգահարել է Դիանային: Վերջինս չի պատասխանել հեռախոսազանգին:
Դիանայի պնդմամբ՝ Կարենը գնացել ու թակել է իր բնակարանի դուռը, ցանկություն է հայտնել մասնակցելու խնջույքին: Բայց ինքը տան դուռը նրա առաջ չի բացել:
Կարենը հեռացել է, բայց 10-15 րոպե անց նորից վերադարձել է ու արդեն բաց դռնով մտել է Դիանայի բնակարան:
Տեսնելով Դիանային՝ Կարենն իր դրամապանակից հազար դրամ է հանել ու մեկնել նրան՝ առաջարկելով որդու համար նվեր գնել:
Ըստ Դիանայի՝ ինքը չի վերցրել թղթադրամը, Կարենին էլ դուրս է հրավիրել իր տանից:
Տեսնելով, որ Կարենը դուրս չի գալիս՝ Դիանան քաշել է Կարենի թևից, տանից դուրս է բերել նրան: Կարենն իր հերթին զայրացել է ու հրել է Դիանային:
Անսթափ Դիանան, իր ցուցմունքի համաձայն, երկրորդ հարկի աստիճաններից ցած է գլորվել ու մարմնի տարբեր հատվածներում ստացել քերծվածքներ ու արյունազեղումներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Կարեն Այվազյանը հեռացել է:
Քիչ անց Դիանան նկատել է, որ բաց թողած հեռախոսազանգ ունի, հետ է զանգել: Նրան պատասխանել է Կարեն Այվազյանը: Վերջինս, ըստ մեղադրանքի, հայհոյել է Դիանային իրեն տանից դուրս անելու համար:
Դիանան քիչ անց բնակարանի պատուհանից տեսել է, որ դիմացի շենքում ապրող Կարենը պատուհանի մոտ կանգնած ծխում է: Հարցրել է, թե ինչո՞ւ նա իրեն հայհոյեց: Կարենն էլ ասել է, թե լավ է արել:
Զայրացած ու ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Դիանան տանից վերցրել է խոհանոցային դանակը ու գնացել Կարենի շենքի ուղղությամբ:
Կարենն իր հերթին դուրս է եկել իր բնակարանից ու իջել ներքև: Շքամուտքի աստիճանահարթակին նրանք հանդիպել են:
Դիանան Կարենին սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ շեշտակի հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ սրտի ուղղությամբ, ու տեղում սպանել է նրան:
Որպես կասկածյալ տված ցուցմունքում Դիանան հայտնել է, թե ինքը «միամտացրել է» Կարենին, նա չէր սպասում, որ ինքը կհարվածի դանակով: Թե ինչ պատճառով է հարվածել՝ Դիանան հրաժարվել է պատասխանելուց: Ասել է, թե զղջում է:
Որպես կասկածյալ տված լրացուցիչ ցուցմունքում Դիանան հայտնել է, թե զայրացել է Կարենի՝ իր հասցեին տված հայհոյանքից: Երբ շենքի շքամուտքում հանդիպել է Կարենին, վերջինիս ձեռքին ոչինչ չի եղել, բայց նա սպառնացել է, թե իրեն կսպանի:
Ինքն էլ իր ձեռքի դանակով վախեցնելու նպատակով վերևից ներքև մեկ անգամ հարվածել է Կարենի կրծքին: Իր նպատակը եղել է վախեցնելը:
Հարվածից հետո Կարենը նստել է շքամուտքի նստարանին, հետո կանգնել է, ապա դեմքի վրա ընկել է փայտե հատակին: Դիանան ասել է, թե Կարենի կրծքի ձախ հատվածին է խփել, որովհետև «այդպես է հարմարվել»:
Որպես մեղադրյալ տված ցուցմունքում Դիանան հայտնել է, որ երբ ինքը «Վնաս» մականունով Կարենին դուրս է հանել իր տնից, նա հրել է իրեն, ինքը գլորվել է աստիճաններով ցած: Կարենը հայհոյել է իրեն: Հետո ինքը պատուհանից կատվի համար կեր է գցել ու տեսել, որ Կարենը իր տան պատուհանի մոտ կանգնած ծխում է: Նա գոռացել է իրեն. «Վիզդ հնդուշկի նման պոկելու եմ»:
Հետո տեսել է, որ Կարենը տանից դուրս է եկել ու երկրորդ հարկից իջնում է: Ենթադրելով, թե իր տուն է գալիս, ինքը վերցրել է խոհանոցային դանակը, Կարենին վախեցնելու համար գնացել է նրան ընդառաջ: Կարենը նորից հայհոյել է իրեն, ինքն էլ նրան է հայհոյել, հետո չի հիշում, թե ինչպես է դանակով հարվածել:
Արյուն տեսնելով Կարենի դոշին՝ դանակը նետել է խոտերի մեջ: Կատարվածից շոկի մեջ է եղել:
Դիանան ասել է՝ եթե սպանելու նպատակ ունենար, դանակով մի քանի անգամ կհարվածեր, բայց ինքն ընդամենը մեկ հարված է հասցրել:
Դատարանում ամբաստանյալ Շատանովան հայտնել է՝ երբ «Վնասին» դուրս է հանել տնից, նա ասել է, թե իրա նման տղուն տանից դուրս չեն անում, այդ բանը չի մարսվելու:
Երբ ինքը գլորվել է աստիճաններով, ընկած տեղը «Վնասը» ոտքերով հարվածել է իրեն: Սպառնացել է, ասել է՝ դե կտեսնես: Հետո տան պատուհանից գոռացել է. «Ա՛յ հնդուշկա, սատկացնելու եմ»:
Կարենի հայհոյանքներից ու սպառնալիքներից զայրացած է խփել նրան դանակով, սպանելու մտադրություն չի ունեցել: Երբ Կարենն ընկել է, ինքը քաշքշել է նրա ձեռքերից, չի հավատացել, որ նա մահացել է:
Ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, որ նստեցնեն իրենց մեքենան:
Դիանայի ու Կարենի հարևանները, որոնց մի մասը դեպքի զարգացմանը հետևել է պատուհաններից, մի քանիսը վերջում տնից դուրս են եկել, բայց չեն համարձակվել առաջ գնալ, հիմնականում դրական են բնութագրել սպանված Կարենին, իսկ Դիանայի մասին ասել են, թե չարաշահել է խմիչքը, աղմկել ու հայհոյել:
Երբ սպանությունից հետո հարևաններից մի քանիսը դուրս են եկել, Դիանան սպառնացել է, որ չմոտենան, թե չէ մոտեցողին էլ կսպանի: Նրանից վախենալով, ամեն բան սպասելով՝ մարդիկ չեն մոտեցել՝ մինչև որ ժամանել է շտապօգնությունը: Ընկած Կարենին բժշկի հետ համարձակվել է մոտենալ հարևանուհիներից մեկը միայն:
Հարևանները նշել են, որ մինչև շտապօգնության ժամանելը Դիանան քաշքշում էր ընկած Կարենի ձեռքերից, ասում էր. «Դերասանություն մի արա, վեր կաց»:
Դիանան անսթափ էր, նա իրեն «գժի պես էր պահում»՝ ըստ հարևանների, այնպիսի հայհոյանքներ էր տալիս, որ տղամարդիկ անգամ չեն տա: Հայհոյում էր տուժողին ու մնացած բոլորին:
Մինչև անգամ դեպքի վայր եկած ոստիկաններն են նրան դժվարությամբ նստեցրել իրենց մեքենան: Նա դիմադրել է, ոտքով հարվածել ոստիկանին:
Կարենի մասին հարևաններն ասել են, թե պատահել է, որ նա խմել է, բայց երբեք ագրեսիվ չի եղել, անտեղի ծախսեր է արել սրա-նրա համար, անշառ, բարի, խելոք, հաշմանդամ տղա էր: Նրա ու Դիանայի միջև առանձնապես մտերմություն չի եղել: Դիանան իր շրջապատն է ունեցել, խմողների խումբը, ում հետ աղմկոտ խնջույքներ է սարքել:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է Կարենի շենքի շքամուտքի մոտ, խոտերի մեջ՝ որտեղ նետել էր Դիանան:
Կարեն Այվազյանը սրտի վնասումից, արտաքին ու ներքին սուր արյունահոսությունից մահացել է հենց տեղում, մինչև շտապօգնության ժամանումը:
Դիանա Շատանովան դեպքի պահին եղել է ալկոհոլային հարբածության վիճակում՝ ըստ հետազոտության արդյունքների:
Դատահոգեբուժական-դատահոգեբանական, նարկոլոգիական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Դիանա Շատանովան հոգեկան հիվանդությամբ կամ տկարամտությամբ չի տառապել, նա միայն գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում: Նա չի գտնվել նաև պաթոլոգիական աֆեկտի վիճակում: Շատանովան ճանաչվել է մեղսունակ:
Փորձագետը հանգել է հետևության, որ Շատանովան ալկոհոլամոլությունից հարկադիր բուժվելու կարիք չունի: Հանցավոր արարքը կատարելիս նա գտնվել է միջին աստիճանի հարբածության վիճակում, այդ վիճակը բացառում է, որ փորձագետը պատասխանի հարցին՝ գտնվե՞լ է արդյոք փորձաքննվողը ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, թե՞ ոչ:
Դատարանը հաստատված է գնահատել Դիանա Շատանովայի մեղքը դիտավորյալ սպանության համար:
Դատարանը հաշվի է առել, որ Շատանովայի խնամքին է 13 տարեկան անչափահաս որդին:
Դատարանը հաշվի է առել նաև, որ հանցանքի կատարմանը նպաստել է տուժողի՝ դեպքին նախորդած հակաիրավական, հակաբարոյական վարքագիծը:
Որպես Դիանա Շատանովայի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել հանցանքն ալկոհոլ օգտագործած վիճակում կատարելը:
Դիանա Շատանովան դատապարտվել է 8 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի օգոստոսի 8-ից:








































