«Տետրիս» խաղը 30 տարեկան է: Խաղը 1984 թվականին ստեղծել է խորհրդային ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը: Այն անհավանական ժողովրդականություն վայելեց աշխարհում՝ հայտնում է The Telegraph-ը:
Խաղի անվանումը ծագել է հունարեն՝ «տետրա» բառից, որը թարգմանաբար նշանակում է «4», և հեղինակի սիրելի մարզաձևի՝ թենիս բառից: Սկզբում խաղը մակարդակներ չի ունեցել, ոչ էլ միավորներ: Բայց Պաժիտնովը խոստովանել է, որ դեռ այն ժամանակ չէր կարողանում կտրվել խաղից:
1986 թվականին խաղը հասել է Արևմուտք: Այնտեղ ստեղծվել են տարբերակներ AppleII-ի, Commodore 64-ի, իսկ ավելի ուշ՝ նաև այլ պլատֆորմների համար: Խաղի նկատմամբ իրավունքների համար պայքար է սկսվել, բայց սկզբում Ալեքսեյ Պաժիտնովը հեռու է եղել այդ ամենից: 90-ականների կեսերին նա մեկնել է ԱՄՆ, որտեղ հիմնել է ընկերություն՝ իր գաղափարից օգտվելու իրավունքի վաճառքի համար:









































