Սահմանում նորից զոհեր կան և նման ողբերգական միջադեպերի ինտենսիվությունը աճել է սարսափեցնող դինամիկայով: Էլ ավելի է սարսափեցնող այդ ամենի հանդեպ երեք անտարբերություն:
Անտարբերություն ա/. Հայաստանի, այսպես ասած, անվտանգության դաշնակիցների անվտանգությունը: Դրանց թվում առաջինը Ռուսաստանն է, իսկ հետո ՀԱՊԿ-ի մյուս բոլոր երկրները: Այդ դաշնակիցները Հայաստանին ներկայացնում են ադրբեջանական պահանջներ, զինում են Ադրբեջանին, բարոյապես աջակցում, և ոչ մի նախատինք իրենց դաշնակցի ուղղությամբ սպառնալիքների և սահմանային միջադեպերի համար, ոչ մի անգամ բարոյական աջակցություն Հայաստանին, ոչ մի հայտարարություն: Նազարբաևը Աստանայում չի ուզում նեղացնել Ալիևին, սակայն ՀԱՊԿ-ի անդամ Ղազախստանի համար ոչինչ է, որ Ալիևը գրեթե ամեն օր հայ զինվոր է սպանում: Դա ոչինչ է նաև Պուտինի համար, որը Ալիևի պահանջների մասով համաձայնություն է հայտնում Նազարբաևին, թեև ուրիշ էլ ինչ պետք է աներ աշխարհում իզգոյի կարգավիճակ ստացած «սուպերմենը»: Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանին սահմանային սանձարձակության քարտ-բլանշ է տրված Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մասով:
Անտարբերություն բ/. Հայաստանի, այսպես ասած, քաղաքական ուժերի և քաղաքական հիմնական դերակատար հանդիսացող նախկին նախագահների պահվածքը: Հետաքրքիր զուգադիպությամբ իրար հետևից կարծիքներ արտահայտեցին Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Քոչարյանն իր գրասենյակի ղեկավարի միջոցով մի քանի նախադասությամբ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` երկարաշունչ հոդվածով, որտեղ սակայն չկար որևէ նոր միտք, որևէ հրատապ միտք: Եվ երկու դեպքում էլ ոչ մի խոսք առանցքայինի՝ պատերազմի վտանգի մասին, հասարակությանը կողմնորոշելու, հասարակության մոտ կարծիք ձևավորելու, ներքաղաքական և ներիշխանական բանսարկությունների մակարդակից վեր կանգնելով հասարակությանը առարկայական մեսիջներ հղելու ոչ մի փորձ, իսկ տողատակում էլ «որքան վատ, այնքան լավ» փիլիսոփայության ուրվագծում` մոռանալով, որ վատը լինելու է Հայաստանի, ոչ թե Սերժ Սարգսյանի համար:
Սերժ Սարգսյանն իշխանությունից կարող է զրկվել, եթե իհարկե զրկվի, սակայն հենց նա ունի ամենաշուտը փախչելու հնարավորություն, իսկ աղետի տակ մնալու է Հայաստանը, Սերժ Սարգսյանին փոխարինողներն էլ մի քանի տասնյակ տարի նրա թողած աղետին են հղում անելու իրենց արդարացնելու համար: Հասարակության հետ պետք է խոսել սրա մասին, ոչ թե զբաղվել էլեմենտար քաղաքական բանսարկություններով կամ հետին թվով հերոսանալով: Քաղաքական ոչ ադեկվատության շքերթ կամ մի հայտարարված պատերազմի խրոնիկա:
Անտարբերություն գ/. Հայաստանի հասարակություն: Այստեղ, իհարկե, անտարբերությունն ավելի իներցիոն է, հետևանքային: Անտարբերության այս աղբյուրը հայտարարված պատերազմի խրոնիկայի մասնակից չէ, դիտորդ է: Նրան հենց դրա համար էլ մասնակից չեն դարձնում՝ որ չխանգարի ընթացքին: Հասարակությունն անտարբեր է, որովհետև նրան դարձնում են երեսպաշտության, ցինիզմի, բանսարկությունների զոհ, սպառող: Նրան այդ ամենը մատուցում են լուրջ նյութի փոխարեն, որից լուրջը միայն դեմքի արտահայտությունն է, մնացյալն ընդամենը փաթեթավորված օդ, որի նմանը կարծես թե մի ժամանակ կեսկատակ-կեսլուրջ վաճառում էին հայաստանյան «Վերնիսաժում»՝ հայրենիքի օդը:
Հասարակության անտարբերությունը կողմնորոշիչների, էլիտաների բացակայության հետևանք է, որն ինքնին, իհարկե, այլ հարցերում արդեն վերածվում է պատճառի կամ դառնում հանցակից-պատճառակիցը այլ պատճառների, որոնք արդեն բխում են միանգամայն գիտակցված անտարբերությունից: Դրա արդյունքում բացակայում է հասարակական պահանջի կամ պահանջարկի ճնշումը քաղաքական «անտարբերների» վրա, ինչն էլ իր հերթին բացառում է ճնշումը աշխարհաքաղաքական անտարբերների վրա, որոնք նստած են Մոսկվայում, Աստանայում, Մինսկում:
Անտարբերությունը առնվազն հրապարակային մակարդակում առայժմ բացակայում է միայն Արևմուտքում: Այնտեղից են հայտարարություններ ու մտահոգություններ հնչում լարվածության, պատերազմի անթույլատրելիության մասին: Ժամանակ առ ժամանակ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է խոսում, խոսեց տարածաշրջան այցելած ԵԱՀԿ գործող նախագահը: Թե ինչքանով է հրապարակային «տարբերությունը» «ան» նախածանցով օժտվում արդեն չերևացող մակարդակում, ասել չենք կարող: Այստեղ իրավիճակը ավելի շատ ունի, այսպես ասած, հարաբերականության հիմքեր: Եթե բոլորը տարածաշրջանում և այսպես ասած` մերձտարածաշրջանում համակերպվել են ռազմական զարգացումներին, ապա Արևմուտքում, ի վերջո, անիմաստ կհամարեն այդ ամենին դիմագրավելը և կսկսեն մտածել զարգացումներից օգտվելու սցենարների մասին:
Հրապարակային հայտարարությունները առայժմ վկայում են, որ Արևմուտքում ընթանում են «ոչ անտարբերների» որոնումներ, այսպես ասած` բացականչություններ, ձայնակցումներ, տեսնելու համար, թե ովքեր կարձագանքեն և արդյոք կա՞, այսպես ասած, հակապատերազմական, քաղաքական գործընթացի պոտենցիալ: Առայժմ չենք կարող ասել, որ արձագանքները հուսադրող են: Ընդ որում` դա մեղմ ձևակերպումով, որովհետև իրականում հուսահատեցնող են արձագանքները:
«Ոչ անտարբերությունը» «ա» և «բ» անտարբերների համար դիտարկվում է որպես հայտարարված խրոնիկայի արգելակ, որպես խառնակչություն, որը խանգարում է պլաններին ու հաշվարկներին: Իրավիճակը կարող է փոխվել անտարբերությունը «գ»-ի մոտ հաղթահարելու դեպքում, ինչը սակայն ամենադժվար հաղթահարելին է` նկատի ունենալով, որ հասարակությունը ներկայումս գտնվում է տարերային մի փուլում, երբ կան ազդեցության բազում լծակներ և չկա դիմադրության համար ամենակարևորը՝ արժեհամակարգը, մշակութաբանական պլաստը: Բայց չի մնացել դա անընդհատ փորձելուն այլընտրանք:
Լուսանկարը՝ Armenpress-ի









































