Աֆղանստանում 5 տարվա գերությունից հետո ազատ արձակված ԱՄՆ ռազմական ուժերի զինվորական Բոուի Բերգդալը ընդունել է իսլամ և դարձել մոջահեդ: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթերի:
«Ժամանակի ընթացքում նրա հարաբերությունները առևանգողների հետ փոխվել են: Նա թալիբների հետ ֆուտբոլ է խաղացել, Կալաշնիկով ինքնաձիգ օգտագործել ուսումնական վարժանքների ժամանակ, իսկ ինչ-որ պահից սկսած՝ նա թալիբներից զենք կրելու թույլտվություն է ստացել»,- նշվում է հաղորդագրությունում:
Սակայն նա մի օր փորձել է փախչել, բայց 5 օր անց նրան բռնել են և փակել կենդանիների համար նախատեսված երկաթյա վանդակում: Նրան երկար ժամանակ հսկել է մոտավորապես 200 մարդ:
28-ամյա Բերգդալը թալիբների մոտ գերության մեջ է հայտնվել 2009թ. հունիսի 30-ից: «Թալիբանի» գրոհայինները առևանգել էին սերժանտին անհայտ հանգամանքներում՝ Աֆղանստանում նրա լինելուց 2 ամիս անց: 2014թ. մայիսի 31-ին նրան փոխանակել են Գուանտանամոյի 5 կալանավորների հետ:








































