Microsoft-ի՝ սարքավորումներ արտադրողների հետ գործընկերության հարցերով ղեկավար Նիկ Փարքերը խոստացել է, որ շուկայում 100-399 դոլար արժողությամբ Windows Phone-ով աշխատող սմարթֆոններ կհայտնվեն: Այս մասին նա հայտարարել է Computex ցուցահանդեսին, գրում է TechHive պարբերականը:
Ներկայիս մոդելների գները տատանվում են 400-699 դոլարի սահմաններում: Նոր սարքավորումները կվաճառվեն ավելի հասանելի գներով: Ներկայացված գները վերաբերում են սարքավորումների վերջնական արժեքներին՝ առանց օպերատորի հետ պայմանագրի կնքման:
Նման սարքավորումները, ընկերության ներկայացուցչի խոսքերով, շուկայում կհայտնվեն մինչև տարվա վերջ: Փարքերը չի մասնավորեցրել, թե որ արտադրողներն են պատրաստ նման Windows սմարթֆոններ թողարկել: Սակայն հավանականությունը մեծ է, որ այդ ընկերությունների թվում լինեն ինն ընկերություններ, որոնց հետ Microsoft-ը սկսել է համագործակցել փետրվար ամսից՝ Foxconn, Gionee, Lava (Xolo), Lenovo, LG, Longcheer, JSR, Karbonn և ZTE:
Այս ընկերություններից մի քանիսը զարգացող երկրներում սմարթֆոնների շուկայում զգալի տեղ են գրավել: Windows Phone-ով սմարթֆոններ են թողարկում նաև Nokia, Samsung, HTC և Huawei ընկերությունները:









































