ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմին՝ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման գործընթացի, հիմնադրամի գործունեության ուղղությունների, Համաշխարհային բանկի վարկային նոր ծրագրի բաղադրիչների հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը ներկայացրել է այն գաղափարախոսությունը, որն ընկած է լինելու նոր հիմնադրամի ձևավորման հիմքում՝ ընդգծելով, որ վերջինիս գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման աջակցությանը, համայնքների զարգացման համալիր ծրագրերի, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրերի օժանդակությանը: Ակնկալվում է, որ հիմնադրամը կլինի այն մարմինը, որը ծրագրերի արդյունավետությունը կդիտարկի կոնկրետ տարածքի զարգացման տեսանկյունից:
ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ ներկայացված մոտեցումները հաշվի կառնվեն նոր ծրագրում, որը պետք է համահունչ լինի նոր ձևավորվող հիմնադրամի նպատակներին:
Նախատեսվում է, որ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի արդեն 2015 թվականից:









































