Եթե Ղազախստանը կամ Բելառուսը Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի և ԼՂ-ի միջև ապրանքների հոսքը մաքսազերծմամբ արձանագրելու հարց բարձրացնի, ապա Հայաստանը պետք է կտրուկ հրաժարվի դրանից: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով՝ եթե Հայաստանի մասնակցությունը Եվրասիական միությանը անպայման ենթադրի մաքսակետի առկայություն, ապա Հայաստանը միանշանակ պետք է հրաժարվի Եվրասիական միությունից:
Բոստանջյանի խոսքով՝ Ղազախստանի ղեկավարի խոսքերը ընդգծված զզվանք առաջացրին հայ ժողովրդի մոտ: Եվ դա ցույց է տալիս, որ Հայաստանի շահերը այդ միությունում ի վերջո կարող են ստորադասվել Ադրբեջանի շահերին կամ նույնիսկ զրոյացվել:
Պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունում ԼՂ հարցում կլինի առաջընթաց, ոչ թե հետընթաց: Պատգամավորի վստահության հիմքն այն ենթադրությունն է, թե Ռուսաստանը ԼՂ հարցում թույլ չի տա հետընթաց:









































