Սկանդալային գործի դատալսումը, որում ներգրավված է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը, Ֆրանսիայի Լիլ քաղաքի դատարանում կսկսվի 2015 թվականի փետրվարին: Այս ժամկետը չորեքշաբթի օրը Agence France-Presse-ին հայտնել է Լիլի դատախազ Ֆրեդերիկ Ֆևրը:
Նրա խոսքով՝ դատը կընթանա Լիլի ուղղիչ դատարանում «փետրվարի 2-20-ը»: Ընդհանուր թվով դատարանի առաջ կկանգնեն 13 հոգի, որոնց թվում է նաև ԱՄՀ նախկին ղեկավարը: Նրանք բոլորը մեղադրվում են «ծանրացնող հանգամանքներում նախնական պայմանավորվածությամբ կավատության, մեքենայության և հանրային միջոցների չարաշահման» համար: Նրանց կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազտազրկում և մինչև 1,5 մլն եվրո տուգանք:
Հետաքննությունը շարունակվում է երկու տարի: Խոսքը Լիլի հայտնի Carlton հյուրանոցում մարմնավաճառության ստորգետնյա ցանցի գործունեության հետ կապված սկանդալի մասին է: 2011 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի օրինապահների ձեռքում հայտնվեց Ստրոս-Կանի և ձերբակալված կավատներից մեկի SMS նամակագրությունը: Տեղեկությունը մատնանշում էր, որ Ստրոս-Կանը պարբերաբար օգտվել է մարմնավաճառների ծառայություններից: Ոստիկանները և քննիչները վստահ են, որ սեքս-երեկույթները կազմակերպվել են Ստրոս-Կանի Փարիզ, Բրյուսել, Վաշինգտոն և այլ քաղաքներ այցելությունների առիթով:
Հետաքննությունը ենթադրել է, որ Ստրոս-Կանն անմիջական մասնակցություն է ունեցել այդ ստորգետնյա ցանցի կազմակերպման գործում:









































