«Մեզ հաճախ քննադատում են հուշարձանների պահպանության ոլորտի հետ կապված խնդիրների շուրջ, որոնք, անշուշտ, առկա են դաշտում և ժամանակի մեջ պետք է լուծում ստանան, ինչին նպատակաուղղված են այս ծրագրերը»,- այսօր «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Գիտաժողովը, նշենք, նվիրված էր հայ ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին:
Նախարարի խոսքով՝ հենց առկա խնդիրները վերացնելու, պատմամշակութային ժառանգության պահպանման համար էլ իրականացվեց Իտալիայի դեսպանատան հետ համատեղ երկամյա ծրագիրը, որի շրջանակներում իտալական կողմը շուրջ 1.5 միլիոն եվրո է տրամադրել: Ծրագրի արդյունքում, Պողոսյանի խոսքով, տարբեր պետական կազմակերպությունների հիմքի վրա մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաներ են հիմնվել, կադրեր են վերապատրաստվել: «Էն, ինչ որ տալիս են իտալացիները, մենք չենք կարող: Իտալացիները վերապատրաստում են մեր կադրերին, ապահովում են մագիստրոսական կուրսը համապատասխան ձեռնարկներով, ներմուծում են սարքեր-սարքավորումներ: Այս առումով ես արդեն հանգիստ եմ: Օրենսդրության բարելավումից հետո էլ արդեն կարելի է լիարժեք ասել, որ մենք բոլոր հիմքերը ստեղծել ենք, և ամեն ինչը այլևս կախված կլինի այն անհատներից, անձնավորություններից, ովքեր ներգրավված կլինեն այդ ծրագրերում»:
«Առաջին լրատվական»,-ը Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվեց. հաշվի առնելով բարձրացված աղմուկը՝ կտեղադրվի՞ և կդառնա՞ Միկոյանի արձանը պատմամշակութային հուշարձան, թե՞ ոչ: Մշակույթի նախարարը, սակայն, հրաժարվեց խոսել այս թեմայից: «Միկոյանի արձանը դեռևս չի տեղադրվել, այն դեռևս պատմամշակութային ժառանգություն չէ: Իսկ այսօր մենք խոսում ենք պատմամշակութային ժառանգության մասին»,- ասաց նա:








































