Քաթարի էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ-Թանին, Թուրքիայի և Թունիսի ղեկավարության ներկայացուցիչները հանվել են Եգիպտոսի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված հյուրերի ցուցակից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով նախագահական գրասենյակի աղբյուրներին:
Եգիպտոսի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը նախապես նշանակված է հունիսի 8-ին: Նախագահական գրասենյակի ներկայացուցիչների խոսքով՝ արարողությանը հրավիրված են 22 երկրների առաջնորդներ և պաշտոնական անձինք, նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ և ղեկավարներ:
Կահիրեի և Դոհայի հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ եգիպտացի զինվորականները 2013-ի հուլիսին պաշտոնանկ արեցին նախագահ Մուհամմադ Մուրսիին և իշխանությունից հեռացրին նրան աջակցող «Մուսուլման եղբայրներ» շարժմանը: Քաթարը սերտորեն համագործակցում էր Մուրսիի կառավարության հետ՝ ցուցաբերելով նաև ֆինանսական օգնություն: 2014-ի սկզբից Եգիպտոսի իշխանությունները երկու անգամ Քաթարի դիվանագետներին կանչել են ԱԳՆ և նրանց բողոքի նոտա հղել Քաթարի պաշտոնական անձանց կողմից Եգիպտոսի ղեկավարության հասցեին քննադատությունների համար:
Մուրսիի պաշտոնանկությունից հետո Կահիրեի հարաբերությունները վատացան նաև Թուրքիայի և Թունիսի հետ, որոնք քննադատեցին Եգիպտոսում իշխանության գլուխ անցած զինվորականների գործողությունները: Հունիսի 3-ին Եգիպտոսի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոքի նոտա է հղվել թուրք պաշտոնական անձանց հայտարարության կապակցությամբ, որոնք կասկած են հայտնել Եգիպտոսում անցկացված ընտրությունների «թափանցիկության և արդարության հարցում»:
Եգիպտոսում մայիսի 26-28-ը տեղի ունեցած նախագահական ընտրություններում ձայների մոտավորապես 96.6%-ով հաղթել է Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին:









































