Չնայած տարածաշրջանում հզոր դիրքերի համար մրցակցային հարաբերություններին՝ մի քանի տարի է, ինչ Թուրքիայի ու Ռուսաստանի բարձր մակարդակի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները խորանում են: Կողմերը այդ հարաբերությունների մասին քննարկումների ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը չեն շրջանցվում: Մայիսի 27-ին Մոսկվայում Լավրով-Դավութօղլու հանդիպման ժամանակ, ի թիվս այլ երկկողմ հարցերի, քննարկվել է նաև ղարաբաղյան խնդիրը՝ համատեղ լուծումներ գտնելու անհրաժեշտության համատեքստում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն նշել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել՝ այդ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում բարձր գնահատելով ՌԴ միջնորդական ջանքերը: «Թուրքիան կողմ է տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորմանը: Դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար: Հույս ունենք, որ ՌԴ-ն կօգնի լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես նաև այլ հակամարտություններ տարածաշրջանում: Ուկրաինական դեպքերը ցույց են տալիս ԼՂ հակամարտության արագ կարգավորման կարևորությունը: Պետք է հստակ քայլեր ձեռնարկել հակամարտության լուծման համար»,- ասել է նա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երևանյան «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ռուս-թուրքական հարթակ ձևավորելու հիմքեր չի տեսնում: Ըստ նրա՝ կա կոնտեքստ, չկա տեքստ՝ առանց կոնտեքստի: Իսկանդարյանի համոզմամբ՝ կոնտեքստ են այն հայտարարությունները, որոնք անում են թուրքական քաղաքական գործիչները վերջին մի քանի ամիսների ընթացքում, և նրանք այդ մասին խոսելու են մինչև 2015թ. ապրիլի 24-ը, այսքան բան: «Այդ հայտարարությունները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ որևէ առնչություն չունեն»,- ասաց նա՝ ակնարկելով, որ այդ հայտարարություններն ուղղված են ծառայելու 2015թ. ապրիլի 24-ին սպասվող միջազգային արձագանքին:
Լուսանկարը՝ Armenpress-ի








































