«Ես կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը կմտնի Եվրասիական տնտեսական համագործակցության մեջ, բայց դա գործողություն է, որի վրա մեր ազդեցությունը շատ քիչ է»,- «Առաջին լրատվական»-ին այսօր ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցը: Նա նաև ավելացրել է, թե ինտեգրացիայի բոլոր ձևերը ենթակա են քննարկման, և Ադրբեջանի անդամակցությունն այդ ձևաչափերից որևէ մեկին արդեն իսկ քննարկվում է:
Հնարավո՞ր է արդյոք Ադրբեջանը Հայաստանի հետ միասին հայտնվի Եվրասիական տնտեսական միության մեջ: Եվ այդ հավանականությունը ինչպե՞ս կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի վրա: «Մինչև հիմա Ադրբեջանի կողմից նման որևէ պաշտոնական ցանկություն չի եղել: Այլ բան է, որ որոշ պետություններ կցանկանան, որ Ադրբեջանը լինի այդ կառույցի անդամ: Մեկը կցանկանա տնտեսական, մյուսը քաղաքական, կրոնական ընդհանրության և այլ պատճառներով: Բայց մի բան է այդ ցանկությունը, մեկ այլ բան է Ադրբեջանի իրական ցանկությունը: Ադրբեջանի վերջին տարիների քայլերը դեռևս չեն հուշում այն մասին, որ այդ երկիրը կարող է մտնել Եվրասիական տնտեսական միություն»,- պատասխանեց Ս. Նիկոյանը:
Իսկ ինչո՞ւ Եվրասիական տնտեսական միության ձևավորման պայմանագիրը ստորագրած Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը չցանկացան, որ Հայաստանն իրենց հետ միասին դառնար այդ կառույցի հիմնադիր անդամ, ուստի Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին հետաձգվեց երկու շաբաթով՝ մինչև հունիսի 15-ը: «Միգուցե մենք ուզում էինք, որ Հայաստանը լիներ հիմնադիր անդամ, միգուցե հիմնադիր անդամ լինելը կտար վետոյի իրավունք և այլն: Բայց դա մեր ցանկությունն է, իսկ իրողություններն այլ են: Բայց որևէ բացասական գործընթաց կապված Ղարաբաղի հետ այս պահի դրությամբ այս գործընթացների շրջանակներում, կարծում եմ, չկա»,- պատասխանեց Ս. Նիկոյանը:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայաստանին թույլ չտրվեց դառնալ հիմնադիր անդամ: «Եվրասիական ինտեգրացիոն պրոցեսներին Հայաստանն ակտիվ մասնակցություն չի ունեցել, մենք այնտեղ եղել ենք դիտորդի կարգավիճակով: Այդ երեք պետությունները միասին անցել են ինտեգրացիոն պրոցեսը: Եվ նման դեպքում հավակնել, որ նրանց հետ միասին կարող ես հայտնվել հավասար շարքերում, այնքան էլ իրատեսական չէ»,- ասաց Ս. Նիկոյանը:









































