Աստանայից հետո Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ակնհայտ է Հայաստանին հասցված խայտառակ հարվածը, ակնհայտ է Հայաստանի հանդեպ ակնհայտ սպառնալիքը, որ առկա է Եվրասիական միություն կոչված «սուրբ ընտանիքում»:
Այս երկու ակնհայտություններով հանդերձ՝ կարիք կա հասկանալու, թե Հայաստանում ինչպես է ընկալվել այս ամենը քաղաքական հարթության վրա: Կարծեք թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խնդիր է դիտվում, թիրախ է հռչակվում կամ դիտարկվում Ղարաբաղի հարցը: Այսինքն՝ այն, որ Հայաստանին Եվրասիական միությանն անդամակցելու դիմաց պահանջ է ներկայացվում Ղարաբաղի հետ սահմանների այս կամ այն կերպ հստակեցման մասով:
Ընդհանուր առմամբ, քաղաքական ընկալման այնպիսի մակարդակ է, որ Հայաստանի անհաջողությունն է Ղարաբաղի մասով դրված պայմանը, և եթե Ղարաբաղի վերաբերյալ այդ պայմանը չլիներ, կամ, այլ կերպ ասած, եթե մեզ Եվրասիական միություն տանեին Ղարաբաղով հանդերձ, ապա որևէ քաղաքական խնդիր Հայաստանում չէր էլ լինի:
Սա է կարծեք թե խնդրի, տեղի ունեցածի քաղաքական ընկալումը: Եվ այստեղ, այս ընկալումներում վտանգը պակաս չէ, քան Աստանայում տեղի ունեցածի կամ դրսևորվածի առումով (խնդիրն այն է, որ առանձին վերցրած Աստանայում որևէ բան տեղի չի ունեցել, այլ ընդամենը դրսևորվել է սեպտեմբերի 3-ից հետո ամիսներ շարունակ տեղի ունեցողը): Խնդրի քաղաքական ընկալման համար պատասխանատու են իշխանություններն ու քաղաքական ուժերը, այսպես ասած՝ քաղաքական կյանքի կորիզ կազմող ուժերը, որոնք Հայաստանում բաժանված են իշխանությունների և ոչիշխանականների: Իշխանությունների համար, զուտ իրենց անձնա-խմբային շահերի տեսանկյունից, Ղարաբաղի վերաբերյալ առկա վիճակը նույնիսկ կարող է շահավետ լինել: Կրկնում ենք՝ իրենց անձնա-խմբային տեսանկյունից, որով էլ նրանք, ըստ էության, իրենց գործողություններն ու գործունեությունն են պայմանավորում ներսում և դրսում: Այսինքն՝ Ղարաբաղի շուրջ աղմուկն է գեներացվում, իրականում այն ընդամենը աղմուկ է և պատրվակ այլ խնդիրների համար, որ լուծվում են Եվրասիական «ընտանիքի» շրջանակներում, և Հայաստանի իշխանությունները հնարավորություն են ստանում «հերոսական» կեցվածքի, որ Ղարաբաղի գնով ոչինչ չեն անում:
Ահա այս իրավիճակում, քաղաքական ադեկվատությունը պահանջում է իրավիճակի ճշգրտում և արձանագրում, որ Ղարաբաղի անջատման պահանջով թե Ղարաբաղով անդամակցությամբ Եվրասիական պրոցեսը ինքնին լրջագույն քաղաքական խնդիր ու մարտահրավեր է Հայաստանի համար, և Ղարաբաղի հարցն այստեղ չի կարող լինել խնդիրը ծանրացնող կամ թեթևացնող հանգամանք, քանի որ ծանրությունը խորքային տեսանկյունից ինքնին ահռելի է և հենց սկզբից ներառել է Ղարաբաղն ու նրա ճակատագիրը՝ Հայաստանի ճակատագրից զատ: Մինչդեռ ի՞նչ ենք մենք տեսել այս ընթացքում: Հայաստանի իշխանությունները հետևողականորեն լռել են Ղարաբաղի գործոնի մասին, սակայն լռել են նաև ոչիշխանական նրանց «հակառակորդները»: Նրանք Հայաստանի իշխանությունների առաջ որևէ քաղաքական խնդիր կամ պահանջ դրե՞լ են այս ընթացքում, Եվրասիական այս պրոցեսում: Բացի երկիմաստ խաղերից՝ ուղղված Ռուսաստանին, բացի Ռուսաստանին հաճոյանալու տարատեսակ խաղերի միջոցով Եվրասիական կայսրությանն այո ասելու և ընդամենը Ռուսաստանի համակրանքի համար Սերժ Սարգսյանի հետ մրցակցելու ջանքերից, այս ընթացքում նրանք Հայաստանի շահերին վերաբերող որևէ ռեալ, հստակ և կոնկրետ պահանջ դրե՞լ են Սերժ Սարգսյանի առաջ: Չեն դրել, և սա փաստ է:
Սերժ Սարգսյանի առաջ դրված է եղել մի պահանջ՝ կառավարության փոփոխություն, իսկ Եվրասիա-մաքսային նախագծերում որևէ մի պահանջ չի եղել, չի եղել նախագծերից հրաժարվելու պահանջ, չի եղել որևէ պահանջ Ղարաբաղի գործոնի մասով, որևէ նշաձողի սահմանում: Ոչ մի առարկայական քաղաքական հակազդեցություն այդ նախագծերում Սերժ Սարգսյանի գործողություններին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ձեռքերը գիտակցաբար ազատ են արձակվել, և այդ ազատության արդյունքների համար այսօր պատասխանատու են նաև նրանք, որոնք լուռ կամ բացահայտ համաձայնություն են տվել սեպտեմբերի 3-ի ընտրությանը՝ անկախ այս կամ այն բացատրությունից:









































