ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից 1 մլրդ դոլար է խնդրել՝ Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Նրա խոսքով՝ բանակի կարիքների համար լրացուցիչ սուբսիդիաները կօգնեն հանդարտվել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: ԱՄՆ գործընկերների անհանգստությունը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններով՝ հայտնում է Associated Press-ը:
Օբամայի խոսքով՝ այդ գումարը կծախսվի Եվրոպայում տեղակայված զորքերի նախապատրաստության և ռոտացիայի համար: ԱՄՆ-ը նաև պատրաստվում է մեծացնել իր ռազմածովային ուժերի ներկայությունը Սև և Բալթիկ ծովերում: Ամերիկացիները նաև մտադիր են բարձրացնել այն երկրների (Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի) ռազմական պոտենցիալը, որոնք ընդգրկված չեն ՆԱՏՕ-ի կազմում, բայց սահմանակից են Ռուսաստանին:
Այս ծրագրերի մասին Օբաման պատմել է Լեհաստան այցի ժամանակ, որտեղից սկսվել է նրա քառօրյա եվրոպական շրջագայությունը: Վարշավայում ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Եվրոպայի անվտանգությանը նույնքան լրջորեն է վերաբերվում, որքան սեփական: «Այն ապահովելը մեր պարտականությունն է, որը հատկապես կարևոր է հենց հիմա»,- ասել է Օբաման:









































