ՆԱՏՕ-ն չի ուսումնասիրում Ուկիրաինայի ճգնաժամի լուծման ուժային տարբերակը: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա նիստից առաջ:
«Մենք ռազմական տարբերակը չենք ուսումնասիրում: Մենք շարունակում ենք կարծել, որ առաջ շարժվելու ճիշտ ուղին ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծումն է»,- ասել է Ռասմուսենը, որի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:
Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն նախկինի պես Ղրիմը համարում է ուկրաինական տարածք և կոչ է արել Ռուսաստանին թերակղզին վերադարձնել Ուկրաինային: Ընդ որում, նրա խոսքով, հենց Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի լարվածությունը թուլացնելու համար՝ առաջին հերթին զորքերն ամբողջությամբ սահմանից հետ քաշելու միջոցով: «Մենք տեսնում ենք զորքերի հետքաշման նշաններ, սակայն նախկինի պես տասնյակ հազարավոր զորքեր գտնվում են ուկրաինական սահմանի մոտ»,- ասել է գլխավոր քարտուղարը:








































