Բրազիլիան պատրաստ է «Մունիդալ-2014»-ին: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
«Ֆուտբոլը մեծ կիրք է իմ ժողովրդի համար, բայց նաև փոքր-ինչ բիզնես է շատերի համար: Հետևելու ենք աշխարհի բոլոր երկրներից ժամանած լավագույն ֆուտբոլիստների խաղի: Որպեսզի բոլոր բրազիլացիները կարողացան ներկա լինել այս կարևոր միջոցառմանը, խաղերը կազմակերպվելու են երկրի գրեթե բոլոր նահանգներում, ավելի կոնկրետ՝ 12 կարևոր քաղաքներում: Արդյոք ջանքերը և ֆինանսական ռեսուրսներն արդարացնո՞ւմ են նպատակը: Այս պահին մենք հավատում ենք, որ, այո, կարդարանան մեր նպատակները: Կատարվող ներդրումները միշտ մնալու են մեր երկրում, ծառայելու են մեր երկրին»,- ասաց նա` հավելելով, որ առաջնությունը հյուրընկալելու արդյունքում նախատեսվում է տուրիզմի զարգացում, աշխատատեղերի բացում, հյուրանոցային բիզնեսի զարգացում:
Լրագրողները հետաքրքրվեցին` չկա՞ արդյոք հակասություն, որ Բրազիլիայի նման ֆուտբոլային երկրում դեմ են Աշխարհի առաջնության անցկացմանը, և Հայաստանից քանի՞ մարդ է դիմել վիզաների համար: Դեսպանը նշեց, թե այսօրվա համացանցի, հեռուստատեսության, կապերի արդյունքում, իհարկե, դեսպանները չեն կարող ստել, տեղեկությունը շատ արագ հասնում է բոլորին:
«Չեմ կարող հերքել, որ դա կա: Որոշ խմբեր ցույցեր են անում, դեմ են: Իրականում ցույցերը կատարվում էին որակի հետ կապված. բողոքը տրանսպորտի որակի, քչության հետ էր կապված: Նշում էին, թե ներդրումները կարելի էր անել կրթության բնագավառում: Այս բողոքներն իրականում հիմնավոր են, Բրազիլիան կարիք ունի թե՛ կրթության, թե՛ առողջապահության, բայց կա հակասականություն այս վիճակում: Առաջնության համար իրականացվող ծրագրերը գալու են ի նպաստ նաև այդ հարցերը լուծելու: Մի կողմից` կա խնդիրը, մյուս կողմից `սրանով երկու խնդիր ենք լուծելու, նաև` տրանսպորտի բարելավումը: Արդյունքում մնայուն հարցեր են լուծվելու»,- ասաց նա` հավելելով, որ այստեղ նաև ապատեղեկատվություն կա:
Դեսպանը ցավով նշեց, որ Հայաստանից ընդամենը տասը վիզա են տվել, այսինքն` խնդրել են այդքանը. երկուսը «Ամերիա» բանկի կողմից են հրավիրված, ովքեր շահել են խաղարկությունը, կա նաև մեկ կամավոր, որը գնալու է օգնելու կամավորական ծրագրերին: Ծախսերը վերցրել է իր հաշվին: Նա ոչ թե խաղերին է ներկա լինելու, այլ ծրագրերի իրականացմանը: Դեսպանը նրան խնդրել է` երբ վերադառնա, իրեն պատմի տպավորությունների մասին:
Դեսպանի խոսքով` իրական չեն լուրերը, թե Բրազիլիան պատրաստ չէ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Նա նշում է, որ ընդամենը երկու մարզադաշտ կա, որ պատրաստ չեն, մեկը` Սան Պաուլոյի նահանգում Կորինտիանս քաղաքում, որտեղ առաջին խաղն է լինելու, այդ մարզադաշտը խնդիր ուներ, որ պատը փլվել էր: Մանաոսում ևս շինաշխատանքները վատ էին ավարտվել, անգամ մեկ աշխատող մահացել էր: «Խոսքը միայն այս երկուսի մասին է, հավատացեք, մնացածը պատրաստ է, անգամ խաղերի փորձերն են արվել: Հպարտությամբ չեմ ասում, բայց փաստում եմ»,- ասաց Հայաստանում Բրազիլիայի դեսպանը:
Լուսանկարը` PAN Photo-ի








































