Այսօր տրվեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ելույթով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորեց Հայաստանում քաղաքացիական հասարակության դերակատարումը կառավարման գործում՝ բարձր գնահատելով արդարադարտության դերակատարությունը: Բանախոսները տեղեկացրին, որ ծրագիրը նախատեսված է 18 ամսվա համար: Ծրագիրն իրականացվելու է 949 670 եվրո բյուջեով Բրիտանական խորհրդի և գործընկերներ` Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը:
Ինչպես տեղեկացրեց ԵՄ դեսպանը, ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական Միության մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը` ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:
Ծրագրի բաղադրիչներն են`
1. Ծրագիրը կաջակցի ՀԿ-ների համար իրավական և ֆինանսական շրջանակների ստեղծմանը, որոնք կբարձրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունությունը և կամրապնդեն սոցիալական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նրանց հնարավորությունները:
2. Ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում նրանց առավել ակտիվ ներգրավման նպատակով:
3. Ծրագիրը կաջակցի լրատվամիջոցների կարողությունների բարձրացմանը և նրանց արհեստավարժության բարձրացմանը:
4. Ծրագիրը կնպաստի նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ նման ծրագրերը նպաստում են կառավարման ժողովրդավարական համակարգի ներդրմանն ու կայացմանը Հայաստանում: Հիմնական ուղղությունները, ըստ նրա, հանրային սեկտորն է՝ ՀԿ-ներ, միավորումներ և նրանց ռեսուրսների ամրապնդումը: «Բաղադրիչ կա, որը կապվում է լրատվամիջոցների հետ և լրատվական դաշտի կարգավորումների հետ. կարծում եմ, որ այս կոմպլեքսով՝ և՛ հանրային բլոկի, և՛ լրատվամիջոցների, այս ծրագիրն էականորեն կարևորվում է, քանի որ բարձրացնում է և ամրապնդում հասարակական ներկայությունը մեր երկրում որոշումների կայացման հարցում: Բնականաբար բոլորիդ հայտնի է, իշխանության, պետության որոշումները և գործողությունները շատ ավելի լեգիտիմ են լինում այն ժամանակ, երբ դրանք կայացվում են հասարակության մասնակցությամբ, և երբ այդ որոշումների քննարկմանը մասնակցում են հանրության ներկայացուցիչները: Այս իմաստով ևս կարևորում եմ այս ծրագիրը, որովհետև մենք փորձելու ենք այս ընթացքում հանրությանն ավելի արդյունավետորեն մասնակից դարձնել պետության քաղաքականությանը, առանձին ծրագրերի քննարկմանը և բնականաբար որոշումների կայացմանը»,- նշեց նա:
Լուսանկարը` PAN Photo-ի









































