ԱՄՆ-ը ֆարս է համարում հունիսի 3-ին նշանակված Սիրիայի նախագահական ընտրությունները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակիին:
«Մենք հստակորեն հայտարարել ենք, որ այդ ընտրությունները ֆարս են: Արտասահմանում բնակվող սիրիացիների համար քվեարկությունը սկսվել է միայն մայիսի 28-ին, իսկ կավարտվի հունիսի 3-ին՝ Սիրիայում: Սովորաբար ազատ հասարակությունում ժողովրդավարական ընտրությունների ընթացքում մարդիկ իրենց առաջնորդների ընտրության հարցում հնարավորություն ունեն խաղալ կարևոր դեր»,- ասել է Պսակին:
Նրա կարծիքով՝ «նմանատիպ գործընթացը անհավանական է այսօրվա Սիրիայում, որտեղ բնակչության գրեթե կեսը ստիպված է լքել տները պատերազմի պատճառով»:
Պետդեպի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ «այս տարի ավելի վաղ Սիրիայի խորհրդարանն օրենք է ընդունել», համաձայն որի՝ «նախագահի թեկնածու կարող են լինել միայն նրանք, ովքեր վերջին 10 տարիներին ապրում են Սիրիայում»: Պսակին կարծում է, որ «դա խանգարում է ընդդիմության աքսորված ներկայացուցիչներին ընտրվել»:









































