Sotheby’s լոնդոնյան աճուրդի տունն աճուրդի կհանի բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Ջորջ Դայերի դիմանկարի երեք էսքիզ» եռապատումը, հայտնում է ITAR-TASS-ը:
«Խոսքը շատ հազվագյուտ աշխատանքի մասին է, որը վերջին 40 տարում մասնավոր հավաքածուում է եղել և գործնականում անհասանելի էր լայն հասարակության համար»,- ասել է աճուրդի տան ժամանակակից արվեստի բաժանմունքի մասնագետ Օլիվեր Բեյքերը:- Ավելին՝ նախկինում երբեք Դայերին նվիրված եռապատում աճուրդի չի հանվել»:
Գործը ստեղծվել է Բեկոնի և Դայերի ծանոթությունից մոտ մեկ տարի անց: Վերջինս գողությամբ է զբաղվել ու փորձել է թալանել Բեկոնի՝ Լոնդոնում գտնվող տունը:
Հունիսի 27-ին եռապատումը կցուցադրվի Sotheby’s-ի լոնդոնյան շտաբ-բնակարանում:
Աճուրդը տեղի կունենա հունիսի 30-ին: Ստեղծագործության նախնական արժեքը սահմանվել է 25-30 մլն դոլար:










































