Անաստաս Միկոյանի արձանը չի անհետացել, այն ձուլարանում է, դեռ ձուլում են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը և ավելացրեց, թե Երևանի ավագանու որոշումն ուժի մեջ է մնում՝ արձանը տեղադրվելու է:
Իսկ ինչու, այնուամենայնիվ, Երևանի ավագանին որոշեց մայրաքաղաքում տեղադրել Ա.Միկոյանի արձանը, կամ ինչու չի հրաժարվում այդ գաղափարից, չէ՞ որ հասարակական կարծիքն այդ առումով բացասական է: «Հասարակության կարծիքը ուշադրությամբ լսում ենք, բայց ավագանու որոշումը մնում է ուժի մեջ, չի փոխվում»,- կարճ պատասխանեց Կ.Արեյանը:
Փոխքաղաքապետը նաև կարծում է, որ դեռ անհրաժեշտ է համապատասխան փորձաքննություն անել, որպեսզի պարզվի խորհրդային տարիներին Ա.Միկոյանի ստորագրությամբ հազարավոր հայերին մահապատժի ենթարկելու փաստերի հավաստիությունը, արժանահավատությունը և իսկությունը: «Մինչ որոշում ընդունելը որևէ մեկի կողմից այդպիսի փորձաքննություն անցած, ստուգված փաստաթղթերի փաստարկ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան»,- ասաց Կ.Արեյանը:
Իսկ Երևանի քաղաքապետարանը կամ ավագանին փորձե՞լ է նման տվյալներ ստանալ: «Ոչ, դրա կարիքը չի եղել»,- հարցին պատասխանեց փոխքաղաքապետը:
Ամեն դեպքում քաղաքապետարանը, ավագանին ինչո՞ւ որոշեց, որ Միկոյանի արձանը պետք է տեղադրվի: «Դա օրենքով ավագանուն վերապահված լիազորություն է: Հանձնաժողով կա, որն ուսումնասիրել է այդ հարցը՝ բոլոր համապատասխան հիմքերով, հիմք ընդունելով նախաձեռնությունները՝ տալիս է եզրակացություն»,- ասաց Կ.Արեյանը:
Գուցե Միկոյանը հայրենանվե՞ր գործ է կատարել, այնուամենայնիվ, ո՞րն է եղել արձանի տեղադրման հիմնավորումը: «Այո, այո: Դե, հիմա նրանց ձևակերպումը բառացի չեմ հիշում, բայց հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը»,- պատասխանեց Կ.Արեյանը:










































