ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն Աստանայում տեղի ունեցածում զարմանալի ոչինչ չի տեսնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բադեյանը նշեց, որ որևէ նոր բան Ադրբեջանի պահվածքում չկա. քսան տարի շարունակ նա բոլոր հարթակներում բարձրաձայնում է Ղարաբաղի խնդիրը, իր տեսլականն է առաջ քաշում, ապակողմնորոշում է:
«Քսան տարի շարունակ մենք միայն դա ենք տեսնում: Այս դեպքում ևս մի հարթակ է, որն Ադրբեջանի նախագահը փորձել է օգտագործել՝ անկախ նրանից, որ ինքն անդամակցող չի այդ կազմակերպությանը: Նա բարձրաձայնել է, կարծիք է ձևավորել, փորձել է կարծիք ձևավորել՝ դարձյալ ապակողմնորոշելու համար: Դրան արձագանքելը, ես կարծում եմ, բացարձակապես անիմաստ է: Էդպիսի հայտարարությունները պետք է իգնորի ենթարկես, որովհետև որևէ նոր բան չկա, բացի նրանից, որ էթիկայի կանոններն են խախտվել կարդացողի կողմից. խոսքը Նազարբաևի մասին է»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանի պահվածքը, Բադեյանի կարծիքով, միանգամայն ճիշտ է և միակն է: Նա ենթադրում է, որ հետագայում գուցե պատասխան լինի, նշում է, որ այդ հայտարարությունը չի ենթադրում «Что! Где! Когда!»-ի ձևաչափ, երբ հարցը տրվում է, ու անմիջապես պետք է պատասխանել: Բադեյանի խոսքերով՝ դա սոսկ հայտարարություն էր, սոսկ ցանկություն Ադրբեջանի նախագահի կողմից, բայց մի բան է պետք հստակ հասկանալ. ինչպիսի ցանկություն էլ արտահայտի Ադրբեջանի նախագահը, ինչ հարթակում էլ հայտնի այդ ցանկությունը, երբեք չի կարող Ղարաբաղը առանձնանալ Հայաստանից, այն էլ՝ սահմանակետեր կամ մաքսային կետեր դնելով:
«Իհարկե, դա բացառվում է: Եվ երբ Հայաստանն, այնուամենայնիվ, ընդունվում է այդ կազմակերպություն- իսկ կասկած չկա, որ կընդունվի- բոլորն էլ, էդ թվում նաև Նազարբաևը, գիտակցում են. Ղարաբաղն այդ հայտարարության շնորհիվ չի կարող անջատվել Հայաստանից, բայց դա հոգու մխիթարանք է երևի թուրքալեզուների համար»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վիճահարույց հարցերի մասին էր խոսքը, երբ նախագահն ասում էր, որ նախքան ԵՏՄ ստեղծման պայմանագրին միանալը դեռ երկու-երեք հարց կա քննարկելու։ Մ. Բադեյանը պատասխանեց, թե Ալիևի ասածն այն է, որ Հայաստանը, եթե Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների սահմաններում ընդգրկվում է, պետք է համագործակցի միայն Հայաստան կոչեցյալով, Ղարաբաղը դրա մեջ չպետք է մտնի: «Սա է ասածը: Ղարաբաղի դրա մեջ չմտնելը նշանակում է՝ պետք է սահման դրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև: Ալիև չլինի, Նազարբաև լինի, ով ուզում է լինի, իհարկե, դա հնարավոր չէ: Չի լինելու ոչ մի սահման Հայաստանի և Ղարաբաղի միջև: Դա շատ լավ գիտակցում են և Ալիևը, և Նազարբաևը. սրանք ընդամենը ներվային ջղաձգումներ են, ավելին չեն»,- ասաց նա:
Բադեյանը նկատեց, որ, չգիտես ինչու, մոռացության են մատնվում մյուս հայտարարությունները, մինչդեռ նույն Նազարբաևի հայտարարածը, որ բոլոր խնդիրները լուծված են, և մինչև ամսի 1-ը Հայաստանը կընդգրկվի այդ միության մեջ՝ որպես լիիրավ անդամ, չեն նկատում: «Էդ հայտարարությունն արվել է, չէ՞: Սա նշանակում է՝ համաձայնության եկել են, չէ՞, ուրեմն համաձայնել են, չէ՞, որ Ղարաբաղը չի անջատվելու Հայաստանից, մնացածը բոլորը աղմուկ է»,- ասաց նա:
Արձագանքելով տեսակետին, թե ստեղծված է հարմար առիթ՝ այդ միության կազմում ընդգրկվելու որոշումը չեղարկելու, չանդամակցելու այդ միությանը, Բադեյանը պատասխանեց, որ նման բան չկա: Նրա խոսքով՝ եթե այդ պայմանը կոշտ դրված լիներ և Հայաստանին ասեին՝ կամ առանց Ղարաբաղ ես մտնում այդ միություն, կամ ընդհանրապես չես մտնում, իհարկե, այս պարագայում ոչ մի դեպքում չէինք անդամակցի ոչ մի կազմակերպության , որը չի ընդունում Ղարաբաղի պատկանելությունը Հայաստանին, իսկ եթե ընդունում են, նշանակում է՝ նաև ընդունում են, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է դե ֆակտո:
Լուսանկարը՝ Photolure-ի







































