Չիկագոյի հայտնի Willis Tower երկնաքերի 103-րդ հարկում գտնվող թափանցիկ ապակե պատշգամբներից մեկը ճաքել է զբոսաշրջիկների ոտքերի տակ՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Դեպքի պահին 412 մ բարձրության վրա գտնվող պատշգամբի վրա եղել է 4 մարդ: Զբոսաշրջիկների խոսքով՝ իրենք նախ բարձր ճռճռոց են լսել, հետո տեսել են, թե ինչպես են ապակու վրա ճաքեր գոյանում: «Դա իմ կյանքի ամենասարսափելի զգացողություններից մեկն էր»,- ասել է զբոսաշրջիկներից մեկը:
Միևնույն ժամանակ՝ երկնաքերի ղեկավարությունը հավաստիացնում է, որ զբոսաշրջիկների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնացել: «Ճաքեր առաջացել են ոչ թե հենց ապակու վրա, այլ պաշտպանական մակերեսում: Նման բաներ երբեմն պատահում են»,- ասել է Willis Tower-ի ղեկավարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ պատշգամբի հատակը ունի ապակե 3 հաստ շերտ և կարող է մինչև 5 տոննա քաշ պահել: Ներկայումս պատշգամբը, որտեղ ճաքեր են հայտնաբերվել, փակ է: Կատարվում է վերանորոգումմ:
Willis Tower-ը կառուցվել է 1973 թվականին, որից հետո մոտ 25 տարի այն համարվում էր աշխարհի ամենաբարձր շենքը:









































