Մահկանացուն է կնքել հայտնի դերասան, հեռուստահաղորդավար, ՌԴ ժողովրդական արտիստ Իլյա Օլեյնիկովը: Այս մասին հայտնում է RBK-ն:
Իլյա Օլեյնիկովը (իսկական անունը՝ Իլյա Լվովիչ Կլյավեր) ծնվել է 1947 թվականի հուլիսի 10-ին, Քիշնևում: 1969 թվականին ավարտել է Կրկեսի և էստրադային արվեստի Մոսկվայի պետական ուսումնարանը: Աշխատել է «Մոսկոնցերտում», 1974-1990 թթ «Լենկոնցերտում» ՝ որպես խոսակցական ժանրի արտիստ:
Որպես բեմական կեղծանուն՝ նա իր տիկնոջից՝ Իրինա Օլեյնիկովայից, վերցրել է Օլեյնիկով ազգանունը, երբ սկսել է արտիստ Ռոման Կազակովի հետ աշխատել «Կազակով և Օլեյնիկով» դուետում: 1977 թվականին նա դարձել է Էստրադային արտիստների համամիութենական մրցույթի դափնեկիր: 1968 թվականից նկարահանվել է կինոյում: Նրա ֆիլմացանցում 25 կինոնկար կա:
1993 թվականին Յուրի Ստոյանովի հետ Օլեյնիկովը ստեղծել է «Գոռոդոկ» ծրագիրը: 1996 թվականին նա դարձել է «Ժամանցային ծրագրի լավագույն հաղորդավար» անվանակարգում ՏԷՖԻ մրցանակի դափնեկիր: