ՀԲԸՄ-ի՝ սիրիահայերի հարցերով հանձնաժողովն արդեն երկրորդ ամիսն է, ինչ վճարում է սիրիահայերի բնակարանների վարձի մի մասը՝ 40.000 – 60.000 դրամ ամսական։ Հանձնաժողովը գումարի չափը պայմանավորում է ընտանիքի անդամների թվով. 40.000 դրամ տրվում է մեկ անձին, 60.000 դրամ` մի քանի անդամից բաղկացած ընտանիքներին՝ այն դեպքում երբ ընտանիքն այստեղ աշխատանք չունի:
Սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սարգիս Օլխաջի և Վարդինե Նազարյան սիրիահայ ամուսինները նշեցին, որ հիմնադրամն իրենց չի օգնում: Նրանք դիմել են մոտ մեկ ամիս առաջ, բայց չեն ստացել անհրաժեշտ օգնությունը։
«Մենք արդեն մեկ ամիս է դիմել ենք այդ հիմնադրամ, սակայն օգնություն չենք ստացել: Սիրիայից այստեղ եկել ենք ամառային շորերով: Դրսում արդեն ցուրտ է, ձմեռ է գալիս, բայց մենք գումար չունենք հագուստ գնելու համար: Անընդհատ զանգահարում ենք հիմնադրամ, բայց մեզ ասում են, որ ձեր հարցը դեռ հանձնաժողովը պետք է քննարկի և որոշի՝ կարող են օգնել, թե՝ ոչ: Արդեն անցել է մեկ ամիս, չգիտենք էլ ո՞ւմ դիմենք: Որևէ խնդիր չունենք, տվյալները վերցրել են և լրացրել, բայց չեն արձագանքում»,- նշեց Վարդինե Նազարյանը:








































