Բրիտանիայում հինգ միլիոն երեխա սոցիալական ապահովության բարեփոխումների պատճառով 2020 թվականին աղքատության են դատապարտվելու, հաղորդում է The Independent-ը՝ մեջբերելով «Փրկեք երեխաներին» բարեգործական կազմակերպության ուսումնասիրության տվյալները:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արդեն այժմ Անգլիայում ընտանիքների զգալի մասը տնտեսելու նպատակով բաց է թողնում ուտելու ժամը, իսկ շատ շրջաններում 10 ընտանիքներից առնվազն մեկը չի կարողանում երեխաների համար նոր կոշիկ գնել, եթե նույնիսկ դա անհրաժեշտ է:
Տվյալների համաձայն՝ երեխաների կյանքի պայմանների վատացման պատճառը նպաստների նվազեցումն է, գների բարձրացումը և գալիք տնտեսական ճգնաժամի ֆոնին անկայուն աշխատավարձերը: Սննդամթերքի և երեխաների խնամքի միջոցների բարձր գները նույնպես հարվածում են ընտանիքների բյուջեներին:
Ուսումնասիրության մեջ ասվում է նաև, որ աշխատանքի առկայությունը դադարել է երեխաներ ունեցող ընտանիքների աղքատության խնդրի լուծում լինելուց: