ԵՄ երկրների առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել համագործակցել Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ: Այս մասին ասվում է ոչ պաշտոնական ընթրիքի արդյունքներով արված ԵՄ երկրների ղեկավարների և վարչապետների համատեղ հայտարարության մեջ՝ փոխանցում է RBK-ն:
«Սպասում ենք, որ Ռուսաստանը կհամագործակցի նորընտիր և լեգիտիմ նախագահի հետ, կշարունակի զինված ուժերի դուրսբերումն ուկրաինական սահմանից և կկիրառի իր ճնշման լծակները զինված անջատողականների վրա՝ Ուկրաինայի արևելքում իրադրության լիցքաթափման համար»,- ասվում է կոմյունիկեում:
«Մենք վճռականորեն կպաշտպանենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մենք դատապարտում ենք Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցումը: Մենք հաստատում ենք ԵՄ հավատարմությունը ապրիլի 17-ի ժնևյան համաձայնագրերին և Ռուսաստանին կոչ ենք անում իրագործել ընդունված պայմանավորվածությունները… Մենք անհանգստությամբ նշում ենք Ղրիմում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վատթարացում՝ կապված դրա անօրինական բռնակցման հետ»,- նշվում է փաստաթղթում: