Մոտ ապագայում բոլոր մարդիկ կդառնան պոլիգլոտներ և կկարողանան խոսել աշխարհի ցանկացած լեզվով:
Microsoft ընկերությունը հայտարարել է նոր ծրագրի ստեղծման վրա տարվող աշխատանքների մասին, որը կվերլուծի և կճանաչի ցանկացած լեզու, կոնվերտացիա կանի իրեն անհրաժեշտ լեզվով և թարգմանությունը կարտաբերի հենց ձեր ձայնով։ Այս մասին գրում է Gizmodo–ն։
Ընկերությունում վստահ են, որ նորույթը կկոտրի շատ կարծրատիպեր և իսկական հեղաշրջում կանի` մարդկանց միջև վերացնելով լեզվական խոչընդոտները:
Շնորհանդեսի ժամանակ սարքը թարգմանել է Microsoft-ի գլխավոր գիտաշխատող Ռիկ Ռաշիդի ելույթը: Ընդ որում՝ Ռաշիդն ինքն էլ է նշել, որ սարքավորումը դեռ հեռու է կատարյալ լինելուց, և ընկերության աշխատակիցները դեռ շատ պետք է ջանք թափեն, որպեսզի կատարելության հասնեն:
Ենթադրվում է, որ սարքի վերջնական մշակման համար կպահանջվի հինգ տարի: «Այդ ոլորտում դեռ շատ աշխատանք կա, սակայն տեխնոլոգիան բավական հեռանկարային է»,- ասել է Ռաշիդը:









































