ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մայիսի 27-ին ԱԺ-ում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ անդրադարձավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարական պրոցեսի թարգմանությանը: Նրա խոսքով՝ շատ խորաթափանց պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ թարգմանիչը բացարձակապես չէր տիրապետում ոչ միայն լեզվի մանրամասներին, այլև մասնագիտական բառապաշարին: Հարությունյանի կարծիքով՝ միանգամայն տեղին էր ֆրանսիացի փաստաբանի դժգոհությունը, որ նա հնարավորություն չունի իր ուզած մարդուն ներգրավել, ձեր ներկայացրած, ընտրած փաստաբանն էլ բացարձակապես չէր համապատասխանում դատական պրոցեսի արդյունավետ վարման պահանջներին:
«Հիմա 15 մլն, եթե չեմ սխալվում, բավական մեծ գումար նախատեսվում է այդ նպատակով, արդյոք հնարավոր չէ՞ այդ գումարն օգտագործել դատական գործընթացի արդյունավետությունը երաշխավորող թարգմանիչների ներգրավմամբ, ի՞նչ սկզբունքով եք դուք նրանց ընտրում: Այդ խեղճ աղջնակը… Ես նրան չեմ էլ մեղադրում, նա հայտնվել է մի իրավիճակում, որ չէր իմանում՝ ինքը ի՞նչ պիտի անի: Դիմացինը խոսում է ֆրանսերեն՝ մասնագիտական լուրջ տերմինաբանությամբ, այս աղջիկը գուցե կարող էր լավագույնը կենցաղային զրույց թարգմանել, բայց ոչ ավելին: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ դասեր քաղվեցին դրանից»,- հետաքրքրվեց նա:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը պատասխանեց, որ այդ հարցն իրոք արդիական է և քննարկվել է դատական դեպարտամենտում: Նա ներկայացրեց ընթացակարգ՝ թարգմանիչների, այդ պարտականությունն իրականացնող կազմակերպության ընտրության, նշեց, որ այս տարեսկզբին դարձյալ, ըստ ընթացակարգի, հայտարարվել է մրցույթ, և բաց, թափանցիկ, հրապարակային փաթեթների ներկայացման արդյունքում ընտրվել է համապատասխան կազմակերպություն, որի հետ կնքվել է համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր: Դատական նիստերին թարգմանիչներ ներգրավելու պարտականությունն այսօր իրականացնում է այդ կազմակերպությունը՝ «Վի գռուպ» ՍՊԸ-ն: «Կոնկրետ դեպքում՝ այո, փաստը ցավալի է: Այդ կապակցությամբ դատավորի կողմից համապատասխան գրություն է ուղարկվել աշխատակազմին, ապա՝ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին, համապատասխան կազմակերպությանը, տվյալ դեպքում՝ «Վի գռուպ» ՍՊԸ-ին, նախազգուշական գրություն է ուղարկվել հետայսու նման երևույթները բացառելու համար: Մեզ համար ևս ընդունելի չէ, որ դատական համակարգի կողմից ուղարկված թարգմանիչը ոչ պատշաճ թարգմանություն իրականացնի»,- ասաց նա, ապա նշեց, որ եղել է պարզապես տեխնիկական խնդիր. թարգմանիչը բացարձակ տիրապետել է գրավոր տեքստ թարգմանելու հմտություններին, որոշակի խնդիրներ են եղել ընդամենը բանավոր խոսքի հետ:
«Էնպես չէ, որ թարգմանիչն ամբողջական զրոյական տարբերակով է գնացել: Գրավոր խոսքի բարձր վարպետ է եղել, սակայն թերացել է բանավոր խոսքում»,- նշեց Փոլադյանը: Հարցին՝ ինչու չեն կարող կողմերը բերել թարգմանիչների, նա պատասխանեց, որ այդ դեպքում դատական դեպարտամենտ համակարգը չի կարող նրանց վարձատրել. պայմանագիրը կնքված է այն կազմակերպության հետ, որ հաղթող է ճանաչվել:
15 մլն դրամի հատկացմանն անդրադառնալով՝ նա նշեց, որ պետբյուջեից վերջին մի քանի տարիներին հատկացվել է այդքան դրամ, իսկ պահուստային ֆոնդից դատարանների վերջին երեք տարիների ընթացքում 57 մլն դրամ ՝ այդ 15 մլնից զատ, հատկացվել է թարգմանչական ծառայությունների համար, նախորդ տարի հատկացվել է 72 մլն դրամ, 2011-ին՝ 63 մլն դրամ: «Թարգմանչական ծառայությունների ծավալը բավական մեծ է, խոսքը միայն դատական նիստին թարգմանիչ ներգրավելու մասին չէ: Կան բավական փաստաթղթեր, դատական որոշումներ, հանձնարարություններ, որոնք ևս ենթակա են թարգմանության»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ բացարձակապես չնսեմացնելով աշխատանքների այն ծավալը, որ կատարում են թարգմանիչները, ցանկանում է ուշադրությունը հրավիրել դատական բաց մրցակցության փուլում թարգմանիչների դերակատարմանը: Նրա խոսքով՝ այստեղ նույնիսկ մեկ դեպքը կարող է մի ամբողջ համակարգի վրա ստվեր գցել, ինչպես նաև որևէ մեկի ճակատագրի հետ կապված բավական լուրջ դերակատարում ունենալ: «Ինձ, օրինակ, հետաքրքրում է՝ այդ ՍՊԸ-ն լիցենզավորվա՞ծ կառույց է, ո՞վ է լիցենզավորել: Եթե նրա թարգմանիչներն այդ որակի են, ուրեմն նրան պետք է զրկել այդ լիցենզիայից, եթե դուք նրան նախազգուշացում տաք, բայց այդքան գումար ծախսեք, նա միայն հաճույք է ստանալու»,- ասաց նա՝ նշելով, որ հատուկ է սրում հարցը, որ հասկանան՝ նման կառույցներն իրավունք չունեն մասնակցելու ընդհանրապես մրցույթի: Հարությունյանը նշեց, որ այդ կազմակերպությունն ընդհանրապես պետք է հայտնվի սև ցուցակում: «Այդ «Վի գռուպը», չգիտեմ էլ՝ ով ա նա, սև ցուցակում պիտի լինի և այլևս ոչ մի մրցույթի չմասնակցի: Այ, դա կլինի շատ գործնական ազդեցություն, ոչ թե մի հատ նկատողություն, մեկ էլ մի հատ թարգմանիչ, որը գրավոր տեքստը շատ լավ պատկերացնում ա, տիրապետում ա, բայց չգիտեք ինչու՝ բանավոր չի կարողանում խոսել: Ներող կլինեք, ինձ համար մի քիչ… Կարող ա՝ էդ աղջկա ֆրանսերենը ինձնից…. դե, իմինից հաստատ շատ լավը կլիներ, անխոս, բայց խոսքը դատական պրոցեսին արդյունավետ ծառայություն մատուցելու մասին է»,- ասաց նա:
Փոլադյանն արձագանքեց, որ մինչ օրս դեռևս թարգմանչական ծառայությունների համար վճարել են ընդամենը 300-400 հազար դրամ, իսկ դրանից հետո իրենք նախազգուշական, պայմանական կրակոց ուղարկել են, որպեսզի հաջորդ դեպքում կոնկրետ մեխանիզմներ իրականացնեն: «Հիմա մարդիկ են, տեխնիկական խնդիր է եղել, յուրաքանչյուրը կարող է էդ վիճակում հայտնվել: Հիմա, մարդ է, կարող է՝ վատ է զգացել իրեն: Խնդիրը քննարկվել է, և կոնկրետ քայլերը ձեռնարկվել են»,- ասաց նա:












































