Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` «Անվտանգությունը և օնլայն ԶԼՄ-ները» ֆորումին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Նեելի Կրոեսը համատեղ հայտարարություն են տարածել:
Այդ փաստաթղթի տեքստում նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է նախաձեռնեն լրագրողների դեմ իրականացված հանցագործությունների արդյունավետ ու թափանցիկ հետաքննություն, որպեսզի վերջ տրվի այդ հարցում տիրող անպատժելիությանը:
Հայտարարությունում ողջունվում է իրենց կարծիքն արտահայտելու համար ազատազրկված լրագրողների, բլոգերների ու քաղաքացիների ազատարձակումը: Հայտարարության վերջում Մույժնիեքսը, Միյատովիչը և Կրոեսն ընդգծում են լրագրողների դերը խոսքի ազատության ապահովման հարցում, պրոֆեսիոնալ չափորոշիչների դերն ու նշանակությունը:





































