ՕԵԿ-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը. այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտնեց ՕԵԿ փոխնախագահ, Աժ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը.
«Արթուր Բաղդասարյանը դեռ հինգ տարի առաջ էր այս մասին հայտարարել, հիմա էլ հստակեցնում եմ՝ առաջիկա նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նախորդ ընտրությունների ժամանակ շատ ավելի պարզ էր ամեն ինչ, իսկ հիմա արդեն նոյեմբեր ամիսն է , բայց միայն մի քանի թեկնածուների անուններն են հստակ:
Այս պահին կարծում եմ՝ քննարկումներ են ընթանում, և առաջիկա տասը կամ տասնհինգ օրվա ընթացքում արդեն ամեն ինչ պարզ կլինի: Նկատի ունեմ, որ հստակ կլինի,թե ովքեր ինչ դերակատարում են ունենալու, որ քաղաքական ուժն է թեկնածու առաջադրելու:
2008 թվականին հասարակությունն ավելի շուտ սկսեց նախապատրաստվել, իսկ դա բխում էր նաև ընտրողների շահերից: Մեր ժողովուրդը անձերի հետևից գնացող ժողովուրդ է: Մարդիկ ընտրում են ոչ թե տվյալ քաղաքական ուժը, այլ անձին: Հիմա ավելի քիչ ժամանակ է մնալու ժողովրդին կողմնորոշվելու համար:
Ասեմ, որ քաղաքական դաշտում ուժերի կոնսոլիդացման շուրջ են խոսակցություններն այժմ ընթանում: Ինչպես այն ժամանակ Կոնգրեսն առաջարկեց անձ, և մի քանի քաղաքկան ուժեր համախմբվեցին այդ անձի շուրջը։ Սակայն հիմա դեռ վաղ է խոսել այդ մասին»:
ՕԵկ փոխնախագահը անդրադարձավ նաև 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ԲՀԿ առաջարկությանը և նշեց, որ դա պետք արվի աստիճանաբար. «Մեզ մոտ եղել է վաթսուն – քառասուն հարաբերակցություն, յոթանասուն – երեսուն հարաբերակցություն:
Այստեղ ուղղակի պետք է քննարկել՝ պատրա՞ստ ենք արդյոք անցնել խորհրդարանական կառավարման մոդելին: Սա ոչ թե քաղաքական ուժերի որոշելու խնդիրն է, այլ ժողովրդի: Իսկ եթե քաղաքացին քվեարկի սահմանադրութուն փոխելու համար, նա առաջին հերթին պետք է իրազեկված լինի: Այն, որ այսօրվա դրությամբ դա երկար ժամանակ կպահանջի՝ քննարկման ենթական չէ: Մենք հիմա նախագահական ընտրությունների շեմին ենք, և կարծում են, որ առայժմ դրա ժամանակը չէ»,- եզրափակեց պատգամավորը:








































