Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ խնդիրները՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ, պետք է ուղղակիորեն քննարկվեն իր երկրի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
ԱՄՆ-ն, Արևմուտքի մի շարք այլ երկրներ և Իսրայելը մեղադրում են Իրանին խաղաղ ատոմ ստեղծելու ծրագրի քողի ներքո միջուկային զենք մշակելու մեջ: ԱՄՆ-ն մտնում է միջազգային միջնորդների վեցյակի մեջ (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրտանիա, Չինաստան և Գերմանիա),որոնք բանակցություններ են անցկացնում Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ:
«Մենք հավատում ենք ժողովուրդների և կառավարությունների միջև ընկերական հարաբերություններին, Իրանը ողջունում է ցանկացած հարաբերություն, որի հիմքում ընկած է արդարությունն ու փոխադարձ հարգանքը»,- մեջբերում է գործակալությունը Ահմադիեժադի խոսքը ՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ:
«Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել՝ ո՞վ և ինչո՞ւ է 33 տարի առաջ Իրանի հետ խզել կապերը(հանրապետությունում իսլամական հեղափոխությունից հետո)»,- հավելել է նախագահը: ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են 1980 թվականի ապրիլի 7-ին:
Իրանցի առաջնորդը ելույթ է ունեցել մամլո ասուլիսի ժամանակ՝ ինդոնեզական Բալի կղզում անցկացվող ժողովրդավարության հարցերով միջազգային ֆորումի շրջանակում: Ֆորումի բացմանը Ահմադինեժադը դատապարտել է ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունները՝ անվանելով դրանք «կապիտալիստների մարտադաշտ»:
Ահմադինեժադը հերթական անգամ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտները բաց են միջազգային դիտորդների համար:
«Այլ պետությունների պաշտոնական ներկայացուցիչները կարող են տեսչական ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում, քանի որ Իրանը աշխարհում միակ երկիրն է, որը բացել է իր միջուկային ձեռնարկությունների դռները համաշխարհային մամուլի համար»,- հայտարարել է Ահմադինեժադը:










































